«Բայց անցյալում սուտ մարգարեներ էլ էին հայտնվում ժողովրդի մեջ, ինչպես այժմ էլ հայտնվելու են սուտ ուսուցիչներ…». Տեր Վրթանես քահանա Բաղալյան
«Չմոռանաք երբեք, որ որևէ մեկը ինքն իրենից չի կարող բացատրել Սուրբ գրքերի մարգարեությունները, որովհետև մարգարեությունները բնավ էլ մարդկանց կամքի ծնունդ չեն, այլ Աստծու մարդիկ Սուրբ Հոգու մղումով խոսեցին դրանք։
Բայց անցյալում սուտ մարգարեներ էլ էին հայտնվում ժողովրդի մեջ, ինչպես այժմ էլ հայտնվելու են սուտ ուսուցիչներ, որոնք կորստաբեր վարդապետություններ կսպրդեցնեն ձեր մեջ՝ ուրանալով Տիրոջը, որ փրկեց իրենց, և արագահաս կորստի կմատնեն իրենց։ Շատերը կհետևեն նրանց անառակություններին, որով պատճառ կդառնան, որ անարգվի ճշմարտության ճանապարհը։ Ընչաքաղցությունից մղված՝ նրանք ձեզ կշահագործեն իրենց շինծու խոսքերով, բայց նրանց դատապարտությունը սկզբից իսկ հայտնի է, նրանց կորուստը չի ուշանա։ Քանզի Աստված մեղանչած հրեշտակներին անգամ չխնայեց, այլ նրանց նետել տվեց տարտարոսը, որտեղ խավարի կապանքներով կապված՝ նրանք պահվում են մինչև դատաստանի օրը։
Աստված չխնայեց նաև հին աշխարհին, այլ ջրհեղեղ բերեց անհավատ մարդկության վրա՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում և Նոյին, որ արդար կյանքի քարոզիչն էր։ Նույն ձևով սոդոմացիների և գոմորացիների քաղաքները կործանումի դատապարտելով՝ մոխրի վերածեց, որպեսզի օրինակ լինեն գալիք ժամանակների ամբարիշտ մարդկանց համար։ Իսկ Ղովտին, որ արդար էր և զզվել էր նրանց անբարո և անառակ կենցաղից, փրկեց, որովհետև նրանց մեջ ապրող այդ արդար մարդը, նրանց անօրեն կենցաղին ականատես և ականջալուր լինելով, իր արդար հոգու մեջ տանջվում էր ամեն օր։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 1:20-2:8)»։