Բուհերի դիմորդ սփյուռքահայերն ու օտարազգիները կարող են մասնակցել միասնական քննություններին
Այն սփյուռքահայերը, օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, կարող են մասնակցել միասնական քննություններին, որոնք անցկացվելու են ամռանը: Այս մասին ապրիլի 28-ի մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ գոյություն ունի նաև սփյուռքահայ և օտարերկրացի դիմորդների համար գործող առանձին կարգ, որում կա 70 անվճար տեղ ազգությամբ հայ դիմորդների համար: «Գործում է նաև վճարովի առկա և հեռակա ուսուցման առանձին կարգը, որի ընթացակարգն ապահովում ենք, բայց գիտելիքի ստուգումն իրականացնում են ուսումնական հաստատությունները»,- նշեց փոխնախարարը:
Նախարարի տեղակալն ընդգծեց, որ, չնայած համավարակին, նախորդ տարի դիմորդների քանակի մեծ անկում չի եղել: Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ 2021-ին համավարակը կնահանջի, և դիմորդների թիվը կմեծանա: