Ֆրանսիացի զինվորականները Մակրոնին նախազգուշացրել են ռասայական պատերազմի վտանգի մասին
Valeurs actuelles հրատարակությունը հրապարակել է ֆրանսիացի պաշտոնաթող գեներալների ու սպաների՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակը, որում նրանք նախազգուշացրել են ռասայական պատերազմի և պետական հեղաշրջման վտանգի մասին:
Այդ նամակում ավելի քան հարյուր պաշտոնաթող ֆրանսիացի գեներալների ու սպաներ նշում են քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին, որը բխում է կրոնական ֆանատիկոսներից և իսլամիստներից, որոնց օրենքները հակասում են Ֆրանսիայի Սահմանադրությանը:
«Բռնությունն աճում է օրեցօր: Տասը տարի առաջ ո՞վ կգուշակեր, որ պրոֆեսորը երբևիցե կգլխատվի իր քոլեջից դուրս գալիս»,-հարցնում են նամակի հեղինակները: Նրանք նաև նախազգուշացնում են պետական հեղաշրջման մասին այն դեպքում, եթե Մակրոնը շարունակի ոչինչ չանել:
«Ինչպես տեսնում ենք, հապաղելու ժամանակ չկա, այլապես վաղը քաղաքացիական պատերազմը վերջ կդնի այս աճող քաոսին, և մահերի թիվը, որոնց համար դուք եք պատասխանատվություն կրելու, կսկսի հազարներով հաշվվել»,-եզրափակել են պաշտոնաթող զինվորականները: Ուղերձին, որը հրապարակվել է ԶԼՄ-ներում, հավանություն են տվել ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին լե Պենը և մոտավորապես հազար գործող բանակային սպաներ ու զինվորներ, հաղորդել է BBC News-ը:
Զինված ուժերի նախարար Ֆլորենս Պառլին հիշեցրել է, որ զինված ուժերում ծառայողներին արգելվում է կարծիք հայտնել քաղաքական կամ կրոնական հարցերի վերաբերյալ: Խախտողների դեմ «պլանավորվում է սահմանել պատժամիջոցներ»,-հավելել է նա:
2020 թվականի հոկտեմբերի 16-ին իսլամ ահաբեկիչը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել էր Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտակայքում: Սպանված տղամարդը պատմություն էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել և ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հանցագործությունը կատարել էր չեչենական ծագմամբ 18-ամյա միգրանտը Ռուսաստանից: Ավելի վաղ 2015 թվականի հունվարին մի քանի զինված մարդիկ ներխուժել են Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթահանդեսի խմբագրություն և գնդակահարել 12 մարդու, որոնցից ութը լրագրողներ էին: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Ալ Քաիդա»-ի եմենյան բաժանմունքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: