ՌԴ-ից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատար, մեկ ամիս է, վրացական սահմանային անցակետի հատուկ հսկվող տարածքում է․ թույլ չեն տալիս հատել սահմանը

Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատար, 1 ամիս 2 օր է՝ վրացական սահմանային անցակետի հատուկ հսկվող տարածքում կանգնած է։ Մարտի 28-ից Վրաստանի սահմանապահներն առգրավել են վարորդների փաստաթղթերը՝ արգելելով նրանց առաջ շարժվել:

«Երբ տեղ հասանք՝ ասացին, որ օրենքներ են փոխվել, չեն կարող թույլ տալ, որ անցնենք, ու պահանջեցին ռազմական բեռների տեղափոխման թույլտվություն, քանի որ մեր փոխադրած բեռը համարվում է ռազմական բեռ, ու պետք էր Վրաստանի ՊՆ թույլտվությունը։ Փաստաթղթեր պահանջեցին, ներկայացրեցինք, դրանից հետո պետք է հանձնաժողովի քննարկմանը ներկայացնեին ու 15-օրյա ժամկետում պարտավորվում էին թույլ տալ։ Ժամկետը լրացել է ապրիլի 26-ին։ Ասել են, որ այսօր թույլ կտան սահմանը հատել, բայց չգիտենք՝ այդպես կլինի՞, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բեռնատարներից մեկի վարորդը։

Նրա փոխանցմամբ՝ իրենցից վերցրել են բոլոր փաստաթղթերը՝ սկսած անձնագրից։

«Մեր տեղաշարժը սահմանափակված էր, բայց լավ մարդիկ կային, նրանցից էր Մոսկվայի դեսպանատանն աշխատող մեր հայրենակիցներից մեկը, ով մեր սննդի ու մյուս հարցերը հիմնականում լուծում էր։ Գումար էր ուղարկում ու այս բեռն էլ ինքն է կազմակերպել, որ գա Հայաստան՝ որպես հումանիտար օգնություն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից էլ հարցի հետ կապված հայտնեցին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, հարցը կկարգավորվի։

Տեսանյութեր

Լրահոս