Դեպքի վայրի զննությամբ հաստատվել է՝ Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ բռնություն է գործադրվել Երևանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Զաքարյանի աշխատասենյակում. «Փաստինֆո»
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր տեղի է ունեցել դեպքի վայրի զննություն, որով հաստատվել է, որ հենց Երեւանի ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակում է պատերազմի մասնակից Մենուա Հովսեփյանի նկատմամբ կիրառվել բռնությունը։ Փաստաբան Դավիթ Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քննիչը զննություն է կազմակերպել, առաջին տպավորությամբ՝ օբյեկտիվ քննություն է իրականացվում։
Զննության ժամանակ Մենուա Հովսեփյանը ցույց է տվել բոլոր աշխատասենյակները, որտեղ իրեն տարել են, այն սենյակը, որտեղ բռնություն է գործադրվել։ «Ընդ որում՝մտնելուց դուռը բաց է եղել, ցուցանակը չի երևացել, իսկ այսօր զննության ժամանակ դուռը փակ էր, ցուցանակը դռան ետևում է եղել և փաստորեն հաստատվել է շրջանառվող տեղեկությունները, որ անձը, ում աշխատասենյակում դա տեղի է ունեցել հենց Արթուր Զաքարյանն է։ Իր աշխատասենյակում էլ զննություն է կատարվել, ինչ-որ ներկայացրել էր, նկարագրել էր բացատրությամբ՝ պատի քարտեզը և այլն, աչքերը փակ տարավ և ցույց տվեց»,- նշեց փաստաբանը։
Նշենք, որ Արթուր Զաքարյանը ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հովսեփյանը ձերբակալվել է ապրիլի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել են ֆիզիկական ու հոգեբանական դաժան բռնության։
Դեպքի մասին ահազանգել էր փաստաբանը՝ մանրամասներ ներկայացնելով բազմազավակ հոր, պատերազմի մասնակից ՀՀ քաղաքացու նկատմամբ ՀՀ ոստիկանությունում ցուցաբերված նսեմացուցիչ վերաբերմունքի մասին, այն է՝ ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում ու ֆիզիկական բռնության ենթարկել։ Նրա հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է։
Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։
Քրեական գործով Մենուա Հովսեփյանը ճանաչվել է տուժող։