«Այն, ինչ չէր կարելի Սերժին ու մյուսներին, կարելի է Նիկոլին ու իր թիմին: Սահմանադրությունը Սերժին թույլ չէր տալիս, Նիկոլին թույլ է տալիս․․․»․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետը հրաժարական է տալիս, բայց վարչապետը հրաժարական չի տալիս: Պաշտոնի անվան ձևակերպման մեջ ավելանում է երկու բառ՝ ժամանակավոր պաշտոնակատար: Ընդամենն այսքանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դառնում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան: Մնացած ամեն ինչ նույնն է մնում, և ամեն բան իր տեղում է մնում: Մեկ էլ կառավարության անդամներն են նույն ձևաչափով դառնում ժամանակավոր պաշտոնակատարներ՝ իրենց տեղում, իրենց գործին: Եվ Ազգային ժողովն է արձակվում ժամանակավորապես, պատգամավորներն ամբիոնից կամ նստած տեղից ելույթ ունենալու փոխարեն դեմ առ դեմ կհանդիպեն մարդկանց, նույնը կասեն ընտրարշավի օրերին: Ձև է և ձևականություն:
Ժամանակավոր հրաժարական է տալիս նույն օրը, երբ երեք տարի առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ: Սպառնալիքը նույնն է՝ կամ հունիսի 20-ին ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ: ժամանակավոր պաշտոնակատար է մնում այն դեպքում, երբ երեք տարի առաջ նույն հրապարակից հայտարարում էր, որ հրաժարական տված վարչապետը չի կարող մնալ ժամանակավոր պաշտոնակատար:
Այն, ինչ չեն արել նախկինները, անում են ներկաները: Այն, ինչ չէր կարելի Սերժին ու մյուսներին, կարելի է Նիկոլին ու իր թիմին: Սահմանադրությունը Սերժին թույլ չէր տալիս, Սահմանադրությունը Նիկոլին թույլ է տալիս: Պարզվում է՝ Սահմանադրությունը մի դեպքում հոպարի տղա է, մյուս դեպքում հոպարի տղա չէ:
Նիկոլն այսօր անում է այն, ինչը երեկ մերժում էր: Ժողովրդին խոթում է այն կեղտաջուրը, որից պայքարում էր դուրս գալ ժողովուրդը, և որի արդյունքում էլ՝ պայքարի ալիքի վրա, Նիկոլը եկավ իշխանության: Եկավ, որ չանի այն, ինչ հիմա է անում: Եկավ, որ մեզ այդ անելու պարտադրանքից ազատի: Ոչ միայն խոստացել էր, այլև հենց դա էր նրա իշխանության գալու առիթն ու պատճառը:
Աղտը մերժում էր, երբ ընդդիմություն էր, նույն աղտը կիրառում է, երբ իշխանություն է: Ինքն է որոշում ընտրությունների օրը, ինքն է կազմակերպում ընտրությունները: Ինքը մնում է կառավարության ղեկին և օգտվում իշխանական բոլոր լծակներց, կիրառում դրանց հնարավորությունները: Ուսուցիչներին հրահանգում են աշակերտներին հավաքել և բերել Նիկոլին ընդառաջ, համայնքապետ ու մարզպետ մարդկանց բերում են Նիկոլի հրապարակ: Այս ամենն ամեն օր է հաստատվում:
Դեռ չի հայտարարվել ընտրարշավ, բայց Նիկոլը մարզերում զբաղված է ակտիվ քարոզչությամբ: Այլ կերպ չես կարող բնորոշել, քան անօրինական քարոզարշավ: Այս անօրինականությունը շարունակվելու է ամեն օր՝ բոլոր հնարավոր միջոցներով, և՛ ընտրության օրը, և՛ ընտրատեղամասերում: Մենք տեսնելու ենք շատ ավելի խայտառակ ընտրություններ, քան տեսել ենք և կարող էինք երևակայել մեր հոռետեսական պատկերացումներում:
Բարոյական մարդը հրաժարականից հետո վայր կդներ լիազորությունները և թույլ կտար ընտրությունները կազմակերպեր բոլորի կողմից վստահելի մեկը՝ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Ընտրություններին կմասնակցեր հավասար իրավունքով ու միջոցներով: Միայն այդ դեպքում արդարացիորեն կորոշվեր ունեցած իրական հնարավորությունն ու վստահությունը: Բայց սա մենք չենք տեսնի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: