iPhone-ից՝ Nokia. ի՞նչ կոմպակտ սմարթֆոն կարելի է գնել 2021 թվականի ապրիլին
Լավագույն կոմպակտ սմարթֆոնները միայն երեխաների համար չեն: Այս սմարթֆոնները պայուսակի մեջ շատ տեղ չեն զբաղեցնում և մեծ գրպաններ չեն պահանջում, բացի այդ, դրանցից շատերն ունեն նույն բնութագրերը, ինչ իրենց ավելի մեծ գործընկերները:
Այնպես որ, եթե ցանկանում եք ունենալ լավ սմարթֆոն, որը փոքր է չափսերով, լավագույն կոմպակտ սմարթֆոնների այս ցուցակը ձեզ մեծ օգուտ կբերի:
Այսօր սմարթֆոնների աշխարհում միտումը բջջային սարքերի չափի մեծացումն է, ուստի հաճելի է տեսնել, որ այնպիսի ընկերությունները, ինչպիսին է Apple-ը, ավելի փոքր սմարթֆոններ են պատրաստում` անկախ ամեն ինչից։ Շատերի համար iPhone SE-ն ավելի հարմար սմարթֆոն է, քան iPhone 12 Pro Max-ը։
Հետևաբար, լավագույն կոմպակտ սմարթֆոնների այս ցուցակում սարքերի չափը սահմանափակվում է վեց դյույմ կամ պակաս էկրանի անկյունագծով սմարթֆոնների ընտրությամբ: Այստեղ ոչ բոլոր սմարթֆոններն են ուլտրա-կոմպակտ, բայց նրանցից գրեթե բոլորը ժամանակակից չափանիշերով փոքր են:
2021 թվականի սկզբին լավագույն կոմպակտ սմարթֆոններից մեկը գնելը պարզապես ձեր պայուսակում կամ գրպանում լրացուցիչ տեղ ազատելու մասին չէ։ Խոշոր էկրանով աշխատող սմարթֆոններն ավելի ու ավելի մեծ մարտկոցների կարիք ունեն նույն աշխատանքը կատարելու համար, և դա սովորաբար արտացոլվում է դրանց ավելի բարձր գների մեջ:
Լավագույն կոմպակտ սմարթֆոններ՝ 2021 թվականի ապրիլին
1. IPhone SE 2020
Էկրանի չափը (պիքսել)՝ 4,7 դյույմ (1334 x 750) | Պրոցեսոր՝ Apple A13 | RAM՝ 3 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 64 ԳԲ | Ֆոտոխցիկ (հետևի / առջևի)՝ 12 MP / 7 MP | Մարտկոց՝ 1821mAh | Չափը՝ 138.4×67.3×7.3 մմ
Եթե դուք կարոտում եք կոմպակտ սմարթֆոնները, ապա ձեզ անպայման դուր կգա iPhone SE-ի վերջին տարբերակը: Սարքը չի կարող պարծենալ տեսախցիկի բարդ համակարգով: Բայց դուք ստանում եք նորաձև և արդյունավետ սարք, որը կարելի է հարմարավետորեն օգտագործել մեկ ձեռքով: Եվ գինն ընդունելի է, հատկապես Apple-ի ստանդարտներով:
Երբ խոսքը էկրանի իսկապես կոմպակտ չափի մասին է, ոչ մի բան չի զիջում 2020 iPhone SE-ի էկրանին։
Այն, ինչ առավելագույնն է գրավում 2020 iPhone SE-ի մեջ, դրա ցածր գինն է, քանի որ այն կարող եք գնել շատ ավելի ցածր գնով, քան Apple-ի ներկայիս սմարթֆոնների շարքում գտնվող ցանկացած այլ սարք: Չնայած այն հանգամանքին, որ սմարթֆոնը համեմատաբար էժան է, այն ունի մեծ կատարողականություն, քանի որ այն հագեցած է Apple A13 Bionic պրոցեսորով, որը կտևի երկար տարիներ, և iOS-ի վերջին տարբերակով:
Սմարթֆոնը սարքի հետևի մասում ունի 12 մեգապիքսելանոց մեկ հիմնական տեսախցիկ, այնուամենայնիվ, iPhone SE 2020-ը ունակ է տպավորիչ նկարներ անել: Այն ունի աջակցություն անլար լիցքավորմանը և ջրի ներթափանցումից պաշտպանությանը՝ համաձայն IP67 ստանդարտի, ինչպես նաև այն բոլոր գործառույթների, որոնք միշտ չէ, որ առկա են այս գնային կատեգորիայի սմարթֆոնների համար:
2. IPhone 12 mini
Էկրանի չափը (պիքսել)՝ 5,4 դյույմ (2340 x 1080) | Պրոցեսոր՝ Apple A14 | RAM՝ 4 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 64 ԳԲ | Ֆոտոխցիկ (հետևի / առջևի)՝ 12MP + 12MP / 12MP | Մարտկոց՝ 2227mAh | Չափը՝ 131.5×64.2×7.4 մմ
Եթե դուք կարող եք ձեզ թույլ տալ ավելի թանկ հեռախոս գնել, քան 2020 iPhone SE-ն է, ապա iPhone 12 mini-ն կարող է լինել ձեր լավագույն ընտրությունը կոմպակտ սմարթֆոնների շարքում: Դրա էկրանի չափը 5.4 դյույմ է, բայց կտրվածքի և էկրանի եզրագծերի բացակայության պատճառով այն ընդհանուր առմամբ ֆիզիկապես ավելի փոքր է, քան 2020 iPhone SE-ն:
Ընտրելով iPhone 12 mini-ն` դուք Apple-ից ստանում եք 5G աջակցություն և ամենաարագ շարժական պրոցեսորը (A14 Bionic), ինչպես նաև 12MP + 12MP կրկնակի ոսպնյակի տեսախցիկ` iPhone SE 2020-ի նման մեկ տեսախցիկի փոխարեն: Այս սմարթֆոններն աշխատում են iOS-ի վերջին տարբերակով, ուստի ծրագրային ապահովման և ծրագրերի առումով նույնական են:
IPhone 12 mini-ն ունի ավելի արագ անլար լիցքավորում, քան 2020 iPhone SE-ն է, իսկ LCD-ի փոխարեն ունի ավելի բարձր լուծման OLED էկրան: Այո, iPhone 12 mini-ն ավելի թանկ է, բայց գումարի դիմաց դուք ստանում եք շատ ավելի ֆունկցիոնալությամբ կոմպակտ սմարթֆոն:
iPhone 12 mini-ն թույլ է տալիս ներբեռնել LTE ցանցի տվյալները մինչև 2 Գբիթ / վրկ արագությամբ, 6 մ խորության վրա նկարահանել լայնանկյուն տեսահոլովակ և տպավորիչ սելֆիներ անել: Ներկառուցված նեյրոնային պրոցեսորը ստանձնում է արհեստական ինտելեկտի ալգորիթմների հետ կապված բոլոր առաջադրանքները. դրա շնորհիվ դուք իրական ժամանակում ստանում եք հիանալի լուսանկարներ և տեսանյութեր, խնայում եք էներգիան, շփվում եք Siri-ի հետ և մոռանում, որ ձեր սմարթֆոնը կարող է ընդհանրապես դանդաղել: Apple-ը հույսը դնում է խորը ներքին օպտիմալացման վրա, ուստի նույնիսկ ավելի ցածր պարամետրերով, ընկերության սարքերը չեն զիջում մրցակիցներին:
3. Google Pixel 4a
Էկրանի չափը (պիքսել)՝ 5,8 դյույմ (2340 x 1080) | Պրոցեսոր՝ Snapdragon 730G | RAM՝ 6 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 128 ԳԲ | Ֆոտոխցիկ (հետևի / առջևի)՝ 12.2MP / 8MP | Մարտկոց՝ 3140mAh | Չափը՝ 144×69.4×8.2 մմ
iOS-ը և iPhone-ը,գնային առումով անկասկած բոլորի համար չեն, և եթե փնտրում եք լավագույն կոմպակտ Android սմարթֆոնը, Google-ի Pixel 4a-ն կարող է լինել դա։ Այն արագ է, ունի հիանալի տեսախցիկ, պարունակում է մաքուր ծրագրակազմ, և դրա գինը շատ բարձր չէ:
Pixel շարքը ներկայումս բաղկացած է մի քանի հիանալի սմարթֆոններից, բայց Pixel 4a-ն ներկայիս սերնդի ամենաէժանն է՝ առանց կատարման կամ տեսախցիկի որակի չափից շատ հրաժարվելու:
Ներսում սմարթֆոնը հագեցած է շատ հզոր Snapdragon 730G պրոցեսորով, 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ՝ ձեր ֆայլերն ու լուսանկարները պահելու համար:
Բայց այս հոդվածում մեզ համար ամենից շատ կարևոր է այս սմարթֆոնի չափը, Pixel 4a-ն ունի 5,81 դյույմ OLED էկրան: Այս սմարթֆոնն իր շատ բարակ եզրերով և սելֆի տեսախցիկի կտրվածքով շատ նման է սարքի, որը կարող ես հանգիստ պահել գրպանումդ:
4. Samsung Galaxy A41
Էկրանի չափը (պիքսել)՝ 6.1 դյույմ (2400 x 1080) | Պրոցեսոր՝ MediaTek Helio P65 | RAM՝ 4 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 64 ԳԲ | Ֆոտոխցիկ (հետևի / առջևի)՝ 48MP + 8MP + 5MP / 25MP | Մարտկոց՝ 3500mAh | Չափը՝ 149.9×69.8×7.9 մմ
Samsung-ը ավելի շատ սմարթֆոններ է պատրաստում, քան կարող եք պատկերացնել։ Ոչ միայն Galaxy S20 Ultra-ի նման առաջատար սմարթֆոնները, այլ մատչելի Galaxy A41-ը՝ 6,1 դյույմանոց էկրանով, որն ամենափոքր ներկայիս Samsung սմարթֆոններից մեկն է:
Այս սմարթֆոնի բյուջեն որոշվում է Mediatek Helio P65 պրոցեսորով, 4 ԳԲ RAM և 64 ԳԲ ներքին հիշողությամբ (որը հնարավոր է ընդլայնել հիշողության քարտով), բայց սմարթֆոնը կկարողանա հաղթահարել բոլոր առօրյա խնդիրները: Հիմնական տեսախցիկը, որը ներկայացված է երեք 48MP + 8MP + 5MP ոսպնյակների միջոցով, նույնպես շատ լավ որակ է այս սմարթֆոնի համար վճարած փողի համար:
Galaxy A41-ը չունի լրացուցիչ առանձնահատկություններ, ինչպիսիք են անլար լիցքավորումը, ջրի դիմացկունությունը կամ 5G աջակցությունը, բայց հարկավոր չէ շատ գումար ծախսել այս սմարթֆոնի համար։
5. Nokia 1.3
Էկրանի չափը (պիքսել)՝ 5,71 դյույմ (1520 x 720) | Պրոցեսոր՝ Snapdragon 215 | RAM՝ 1 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 16 ԳԲ | Ֆոտոխցիկ (հետևի / առջևի)՝ 8MP / 5MP | Մարտկոց՝ 3000mAh | Չափը՝ 147.3×71.2×9.4 մմ
Nokia 1.3-ը այս ցուցակի ամենամատչելի սմարթֆոնն է։
Դուք ստիպված կլինեք շատ փնտրել այս պարամետրերով և ավելի մատչելի մեկ այլ սմարթֆոն գտնելու համար։ Nokia 1.3-ը առաջարկում է պարամետրեր այնպիսի գնով, որով կարելի է գնել թանկ մոդելների պատյաններ։ Սմարթֆոնը շուկայում կարող եք գտնել 35000 դրամից սկսած։
Nokia 1.3-ը գեղեցիկ փոքրիկ սմարթֆոն է, չնայած որ այն շատ տպավորիչ չէ, այն կատարյալ է բազային գործառույթների համար՝ էլեկտրոնային նամակների և սոցիալական լրատվամիջոցների ստուգումից մինչև առցանց երաժշտություն:
Բացի այդ, Nokia 1.3-ը Android One ծրագրի մի մասն է, ուստի այն ձեզ հնարավորություն կտա երկու տարի ժամանակով թարմացնել Android օպերացիոն համակարգը, և չնայած Google-ի ծրագրերը Go տարբերակով են, դրանք, միևնույն է, ընդգրկում են առաջին անհրաժեշտության տարրեը: Կան ավելի արագ սմարթֆոններ, գեղեցիկ էկրաններ և ավելի լավ տեսախցիկներ, բայց դրանք նաև շատ ավելի թանկ են:
Սիրարփի Աղաբաբյան