
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Արցախի դեմ Բաքվի ագրեսիայի առնչությամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ապրիլի 27-ին ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Արա Այվազյանը բարձր է գնահատել Կարոլինա Ֆերնանդեսի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցը և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությունը, ինչը մարդու հիմնարար իրավունքների և համամարդկային արժեքների նկատմամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի հստակ դիրքորոշման արտահայտում է։
«Երկուստեք կարևորվեց ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջև փոխգործակցության սկզբնավորումը, որը կնպաստի նաև տարածաշրջանի հետ Հայաստանի փոխշահավետ համագործակցության խթանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Ընդգծվեց մարդու իրավունքների խախտման հարցում միջազգային հանրության միանշանակ և միասնական դիրքորոշման կարևորությունը՝ որպես ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման արդյունավետ գործիք:
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձր է գնահատել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի առնչությամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը։