Փորձագետները Ռուսաստանին համաշխարհային առաջատարներից մեկ են համարել ռազմական ծախսերի գծով
2020 թվականին ռազմական ծախսերն աշխարհում հասել են 1,98 տրիլիոն դոլարի՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 2,6 տոկոսով: Այդ մասին հաղորդել է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI):
Առաջատարների հնգյակի մեջ, որոնց բաժին է ընկնում ողջ համաշխարհային ռազմական ծախսերի 62 տոկոսը, մտնում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան, ասվում է ինստիտուտի զեկույցում: SIPRI-ի տվյալներով՝ ներկայում Ռուսաստանը ռազմական ծախսերով աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը:
«2020 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերն ավելացել են 2,5 տոկոսով՝ հասնելով 61,7 միլիարդ դոլարի: Սա աճի անընդմեջ երկրորդ տարին է: Այդուհանդերձ, Ռուսաստանի 2020 թվականի ռազմական ծախսերը 6,6 տոկոսով պակաս էին նրա սկզբնական ռազմական բյուջեից»,-նշվում է զեկույցում: ԱՄՆ-ն առաջվա պես աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ռազմական ծախսերով: 2020 թվականին դրանք հասել են մոտավորապես 778 մլրդ դոլարի, ինչը 4,4 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին: Միացյալ Նահանգներին բաժին է ընկնում ընդհանուր համաշխարհային ռազմական ծախսերի 39 տոկոսը:
Չինաստանի ռազմական ծախսերը, որը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, գնահատվում է 252 մլրդ դոլար:
Դրանք 1,9 տոկոսով ավելացել են 2019 թվականի համեմատությամբ: Չինաստանի ծախսերն աճել են անընդմեջ 26 տարի. դա ռազմական ծախսերի գծով SIPRI-ի տվյալների բազայում անընդմեջ աճի ամենատևական ժամանակաշրջանն է բոլոր երկրների թվում:
«Չինաստանի ծախսերի շարունակական աճը մասամբ բացատրվում է ռազմական հզորության արդիականացման և ընդլայնման գործում երկրի երկարաժամկետ պլաններով՝ մյուս առաջատար ռազմական տերություններին հասնելու հայտարարված ցանկությանը համապատասխան»,-ասել է SIPRI-ի ավագ գիտաշխատող Նան Տիանը: SIPRI-ի տվյալներով՝ ռազմական ծախսերի գծով երրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը: 2020 թվականին դրանք կազմել է 72,9 միլիարդ դոլար: Ռազմական ծախսերի գծով հինգերորդ հորիզոնականում գտնվում է Մեծ Բրիտանիան: Դրանք կազմել են 59,2 միլիարդ դոլար՝ 2019 թվականի համեմատությամբ ավելանալով 2,9 տոկոսով: ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամ երկրները 2020 թվականին ավելացրել են իրենց ռազմական ծախսերը: «Արդյունքում՝ ՆԱՏՕ-ի 12 անդամ ծախսել են իրենց ՀՆԱ-ի 2 կամ ավելի տոկոսը, ասվում է զեկույցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: