
ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի ՊՆ ղեկավարն անդրադարձել են Միջերկրականում և Հվ. Կովկասում անվտանգության և կայունության հարցերի

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ապրիլի 25-ին հանդիպել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսի հետ։
Արա Այվազյանն իր խորին շնորհակալություն է հայտնել Կիպրոսի պաշտպանության նախարար Պետրիդիսին՝ հայ ժողովրդի համար կարևոր այս օրերին Հայաստանում գտնվելու և հայ ժողովրդին իր զորակցությունը հայտնելու համար, ինչը հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամության և համերաշխության վառ դրսևորում է: «Երկուստեք ընդգծվել է Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը տարածաշրջանում նմանօրինակ հանցանքների կանխարգելման գործում, հատկապես՝ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության լույսի ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ-կիպրական երկկողմ օրակարգի և դինամիկ զարգացող քաղաքական երկխոսության վերաբերյալ՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը ամուր հիմք են ստեղծում Հայաստանի և Կիպրոսի միջպետական հարաբերությունների առավել խորացման համար: Այս համատեքստում կարևորվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակի օրակարգի ամրապնդումը:
ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգության և կայունության հարցերի: