Բաժիններ՝

Ժամանակակից մարդու համար Աստվածաշունչը հասկանալը բավականին դժվար է

Սուրբ Գրքի միջոցով մեզ հետ խոսում է հենց Կյանքի Արարիչն ու Աղբյուրը: Ժամանակակից մարդու համար Աստվածաշունչը հասկանալը բավականին դժվար է ոչ թե բովանդակության ու գրվածքի բարդ լինելու, այլ մարդկանց̀ հոգեպես անպատրաստ լինելու պատճառով: Արդյունքում մարդիկ հաճախ շփոթության են մատնվում և մի կողմ դնում այն՝ համարելով մարդկային բանականության համար դժվարամատչելի գիրք:

Սակայն իրականում այստեղ չկա ոչ մի զարմանալի բան մի քանի պատճառով: Առաջինը, որ այն իրադարձությունները որոնց մասին պատմում է Աստվածաշունչը տեղի են ունեցել մեզանից մոտ 3-4 հազարամյակ առաջ, և մի գուցե ժամանակակից մարդուն բարդ է հասկանալ այն ժամանակաշրջանի իրողությունը: Իսկ երկրորդ և ամենակարևոր պատճառը մարդու սխալ մոտեցումն է, որի ամենից ակնկերև օրինակը այն է, որ մարդը հաճախ փորձում է Աստվածաշունչը դիտարկել իբրև բնագիտական տվյալների աղբյուր:

Եվ արդյունքում մարդը բացելով գրքի առաջին գլուխները, որտեղ խոսվում է աշխարհի արարման մասին, պարզապես ապշահար է լինում, որովհետև այնտեղ նկարագրված ճշմարտությունն, ըստ նրա, ամենևին չի համապատասխանում կյանքի ծագման մասին ժամանակակից գիտական պատկերացումներին:

Եվ այս ամենի պատճառն այն է, որ Աստվածաշունչը դասագիրք չէ՝ ո՛չ տիեզերքի ծագման, ո՛չ բնագիտության և ո՛չ էլ պատմության վերաբերյալ: Ընդհակառակը, Աստվածաշունչն իրականում ոչ թե գիտական, այլ հավատքի գիրք է, որտեղ խոսվում է աշխարհի և մարդու արարման, ինչպես նաև Աստված և մարդ փոխհարաբերության մասին, հետևաբար՝ այն ընկալելու և ճիշտ հասկանալու համար պետք է համապատասխան՝ հոգևոր մոտեցում և ցանկություն:

Աստվածաշունչը գրել են տարբեր հեղինակներ: Նրանցից ոմանց անունները մեզ հայտնի չեն, իսկ ոմանց մասին կարելի է միայն կռահումներ անել: Սակայն չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ են մարդիկ հասկանում՝ հեղինակ ասելով: Եվ այսպիսով, եթե մնացյալ բոլոր դեպքերում հեղինակը հանդիսանում է գրքի ստեղծողը, ապա Աստվածաշնչի դեպքում հեղինակն ընդամենը միջնորդ է, ով պարզապես գրի է առնում այն ամենը, ինչն իրեն փոխանցում է Աստված: Եվ իզուր չէ, որ գիրքը կոչվում է Աստվածաշունչ, որ նշանակում է՝ Աստծո շունչը և ներշնչված Աստծուց, ինչպես նաև իզուր չէ այն ճշմարտությունը, որ Աստվածաշունչը միակ գիրքն է, որի հեղինակը միշտ ներկա է, երբ կարդում ես այն:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս