Բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել

Այսօր ապրիլի 23-ն է: 3 տարի առաջ հենց այս օրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման ճնշման ներքո՝ չցանկանալով խարխլել երկրի անվտանգության հիմքերը:

Այսօր համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ Ազգային ժողովի փոխխոսնակ, իմքայլական Ալեն Սիմոնյանի բնակարանի մոտ սև ժապավեն էր կախված՝ վրան գրված՝  «Ալեն 41»:

Անշուշտ, տհաճ է՝ անկախ նրանից, դա ապրիլի 23-ի հետ կապ ունի՞, թե՞ ոչ…

Բայց երբ Ալեն Սիմոնյանն է այդ մասին լալահառաչ տեքստ գրում, ակամայից սկսում ես մտածել, որ կա՛մ մարդը հիշողության կորուստ ունի, կա՛մ լուրջ ճգնաժամ բարոյականության հետ, կա՛մ էլ մեղսունակության թեստի ժամանակն է:

«Իմ տան մոտ նման պաստառ կախելը ձեր հերթական անբարոյականության դրսևորումն է: Ու թող չհամարձակվեն ասել, որ ժամանակին ուրիշների նկատմամբ արվել է, և ես դրա հետ կապ եմ ունեցել կամ չեմ դատապարտել: Էդ սուտ հեքիաթները 4-րդ դասարանի երեխաների մոտ կպատմեք:

Իսկ ընդհանուր առմամբ ձեր հավաքական գործունեությունը, որտեղ դուք ձեր կարճ խելքով փորձում եք կրկնօրինակել հեղափոխության ընթացքում եղածը ձեր ձևով, միայն ձեզ է վնաս տալիս: Կարելի է ուղղակի նստել ու սպասել, թե ոնց եք դուք ձեզ վնասում: Շարունակեք ատելություն սփռել, սև ժապավեններ կախել, մարդկանց տան վրա գնալ, հայհոյել, գնդակահարության տեսարաններ բեմադրել և ճանապարհ փակել: Այդ ամենը շատ գրավիչ է մարդկանց համար, միանշանակ սատար կկանգնեն ու կմիանան ձեր պայքարին՝ հանուն այդ տեսակ Հայաստանի»,- մասնավորապես գրել էր ԱԺ փոխխոսնակը:

Ուշագրավ ինքնախոստովանություն է արել Ալեն Սիմոնյանը՝ հընթացս, օրինակ, 2018-ին ՀՀԿ-ական գործիչների բնակարանների մոտ սև ժապավեններ կախելը, թաղումներ կազմակերպելը գցելով իր կուսակիցների գրպանը:

Սակայն բոլորն էլ լավ հիշում են, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի  նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նույն ինքը՝ «դիջեյ Էդոն», մեծ հաճույքով էր դրանց լուսանկարները տեղադրում իր ֆեյսբուքյան էջում:

Բայց որ Ալեն Սիմոնյանը սև ժապավեն կախելն ու իշխանություններին հայհոյելը, «մարդկանց տան վրա գնալը» (իր ձևակերպումն է) կհամարի ատելություն սփռել, իսկապես բացահայտում է:

Այսինքն՝ երբ իր թիմակիցներն էին անում, ու իրենք էլ հրճվում էին դրանից, դա կոչվում էր սեր սփռել, բայց հիմա երբ դերերը փոխվել են, դրա անունն ատելություն սփռել է:

Ալեն Սիմոնյանը բարոյականության մասին տարօրինակ պատկերացումներ ունի: Օրինակ, երբ իր սրտի վարչապետն է «ասֆալտին փռում», «պատերին ծեփում», «պառկըցնում» գետնին, հիվանդ ազատամարտիկին գետնին քարշ տալով՝ դեսուդեն տանում Քննչական կոմիտեի աշխատասենյակներով, 5 անչափահաս երեխա ունեցող 2-րդ կարգի հաշմանդամ պաշտոնյային նվաստացնելով՝ ինքնահաստատվում, նորմալ է, բայց երբ նույն գործելակերպն իրենց է շոշափում, հանկարծ հիշում են, որ դա ատելություն է սփռում:

Հայկական ժողովրդական ու համաշխարհային առածանին այս առնչությամբ բազմաթիվ օրինակներ ունի՝ պատմականորեն ու կենցաղով ապացուցված, այս պահին, սակայն, հիշենք ընդամենը մեկը՝ բումերանգի օրենքի մասին, իսկ այն դեռ ոչ ոք չի չեղարկել:

Ալեն Սիմոնյանի այսօրվա գրառումն ինչ-որ տեղ իր համար կանխարգելիչ նշանակություն ունի, կամ համենայն դեպս ինքը դրա հույսն ունի, որովհետև ով-ով, բայց Ալեն Սիմոնյանը շատ լավ գիտի, որ սև ժապավենը կարող է դեռ ընդամենը բողբոջը լինել, իսկ ծաղիկները դեռ բացվելու շատ տեղ ունեն:

Ամենևին չարդարացնելով սև ժապավեններ կախելու պրակտիկան ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, սակայն ակնհայտ է՝ այս կյանքում ամեն ինչ միգուցե արդար չէ, բայց օրինաչափ է:

Տեսանյութեր

Լրահոս