«Սյունեցիները երեկ ֆիքսեցին, որ դավաճանին հեռացնելու ամենաարդյունավետ և կարճ ճանապարհը հանրային ճնշումն է»
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունեցիները նոր իմպուլս տվեցին դավաճան իշխանությունների դեմ մղվող քաղաքական պայքարին։ Նրանք երեկ կարևոր բան արձանագրեցին։ Այն, որ հանրային ճնշման միջոցով դավաճանին հեռացնելու մարտավարությունը կենսունակ է։ Սյունեցիները երեկ պայքարեցին և հասան իրենց նպատակին՝ դավաճան կապիտուլյանտը դուրս շպրտվեց Սյունիքից։ Իսկ Երևանում նա դեռ կարողանում է շրջել, գալ ու այնուամենայնիվ գիշերել կառավարական ամառանոցներում։
Ինչո՞ւ է այդպես։ Պատասխանը, կարծում եմ, պարզ է։ Որովհետև քաղաքական շատ ուժեր պայքարի կեսում հանկարծ լսեցին «արտահերթ ընտրություններ» արտահայտությունը ու մեկ ակնթարթում կերպարանափոխվեցին։ Հիմա նրանք զբաղված են նախընտրական շտաբների, վստահված անձանց և նմանատիպ այլ հարցերով։ Մինչդեռ ժողովրդի օրակարգը միանգամայն այլ է։ Չե՞ք հավատում, նորից դիտեք Ագարակի, Մեղրիի, Քաջարանի կադրերը։
Նորից եմ կրկնում՝ սյունեցիները երեկ ֆիքսեցին, որ դավաճանին հեռացնելու ամենաարդյունավետ և կարճ ճանապարհը հանրային ճնշումն է։ Եվ այս ճանապարհին կշահի այն քաղաքական ուժը, որը հենց այս պահից ոտքի կկանգնի ու բողոքի ալիքը կբերի Երևան, կտարածի ամբողջ Հայաստանով մեկ: Հիմա սա է անհրաժեշտն ու կարևորը»: