«Տղերք ջան, մտածեք՝ ինչ եք անում, ում եք ծառայում, Նիկոլի ժամերը հաշված են». Վահե Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է:

Ըստ Վահե Հակոբյանի՝ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր էր այցելել Սյունիք, որպեսզի պրովոկացիա անի:

«Նիկոլը Սյունիք էր եկել ավելի քան 500 մարդկանց ուղեկցությամբ՝ գերակշիռ մասը՝ ոստիկաններ, ալֆա ջոկատից ներկայացուցիչներ, կարմիր բերետավորներ»,- ասաց նա:

Սյունիքը վտանգված է, և սյունեցին այդ վտանգներն ամեն օր զգում է իր մաշկի վրա: «Կա վտանգ՝ վաղը կապանցին կարող է զարթնի ու հասկանա, որ ինքը Ադրբեջանի տարածքում է»,- ասում է Վահե Հակոբյանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևին չի պատասխանում, որովհետև սարսափում է, որ հանկարծ մի փաստաթուղթ կհրապարակի:

«Քանի որ Նիկոլը մարդ է, ում մոտ առհասարակ բացակայում է տրամաբանությունը, ես դժվարանում եմ ասել, թե առհասարակ ի՞նչ է կատարվում Սյունիքի շուրջ… Սյունիք կատարած այցի մեջ հաստատ տողատակ կա»,- ասաց նա՝ անդրադառնալով Սյունիքի մարզ Նիկոլ Փաշինյանի՝ գաղտագողի այցին, նույն ընթացքում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱՄՆ դեսպանի այցերին, ոստիկանական և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ուժերի աննախադեպ կենտրոնացվածությանը:

Այս պահին Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որին Սյունիքի բոլոր համայնքներում  սարսափելի հահոյանքներով և վանկարկումներով արգելեցին  մուտք գործել, և դուրս վռնդեցին տարբեր համայնքներից, ոստիկանական ԱԱԾ ուժերի հսկայաքանակ զորք է կենտրոնացվում Սյունիքում:

«Երկրի նախագահը (անվանենք այսպես), ԱՄՆ դեսպանը և երկրի, այսպես կոչված, վարչապետը նույն ժամանակ գտնվում էին նույն տեղում, որն այսօր մեր երկրում ամենախնդրահարույցն է: Համոզված եմ, որ եթե ոչ՝ ինքը, ապա նրա կողքին գտնվող մեկ-երկու մարդ կհուշեին, որ պետք չէ գնալ Սյունիք, որովհետև այնտեղ իր նկատմամբ նման վատ տրամադրվածություն կա: Բայց Փաշինյանը, այնուամենայնիվ, գնաց այդ քայլին: Հիմա մենք սա պետք է փորձենք հասկանալ: Ոչ թե իր գնալը, այլ, թե ո՞վ է նրան ասել՝ գնա: Միգուցե ինքը դիտավորյալ պրովոկացիաների՞ է եկել, որ իրավիճակը սրի»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետը:

Ի դեպ, ըստ Վ. Հակոբյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հատուկ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել Սյունիք:  Նախագահը շատ լավ գիտի մարդկանց խիստ դրական վերաբերմունքի մասին Թաթոյանի նկամամբ և որպես «վահան» է օգտագործել նրան այս այցի ընթացքում:

Ըստ Վ. Հակոբյանի տեղեկատվության՝ Մեղրի-Ագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, Գորիս և Քաջարան համայնքների ղեկավարներ Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին և իրեն ու իր կնոջը պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի հրահանգով մինչև երեկո ձերբակալել:

«Ոչ ես, ոչ համայնքապետերը նրա այցից տեղյակ չենք եղել: Մեզ մոտ բոլորը շատ լավ գիտեն՝ ինքն ինչ է արել, և սյունեցին ամեն օր իր կաշվի վրա է զգում, թե այս կապիտուլյանտն ինչի է բերել երկիրը և առհասարակ Սյունիքը: Ու էս պարագայում գնալ էնտեղ ու ասել՝ դուք վատն եք, ես՝ լավը, մի քիչ անհասկանալի է»,- նշեց Վահե Հակոբյանը:

Սյունիքի նախկին մարզպետը Փաշինյանի խայտառակ այցի կապակցությամբ հրեական անեկդոտների հայտնի հերոսների մասնակցությամբ մի դրվագ հիշեցրեց, երբ Սառան Մոյշային ասում է, որ իրեն շուկայում անվանում են անբարոյական, ինչին վերջինս պատասխանում է՝ «Սառա, մի գնա այնտեղ, ուր քեզ բոլորը ճանաչում են»:

 

Տեսանյութեր

Լրահոս