ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանին խանգարել են ստանալու միլիոնավոր դեղաչափերի պատվաստանյութեր. Ռոուհանի
Իրանի իշխանությունները պլանավորել էին կորոնավիրուսի դեմ միլիոնավոր դեղաչափերի պատվաստանյութ ստանալ COVAX-ի (միջազգային մեխանիզմ, որն ԱՀԿ-ն գործարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար) միջոցով, սակայն դրան խանգարել են ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Ապրիլի 21-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
«Եթե չլինեին պատժամիջոցները, ապա COVAX-ի միջոցով մատակարարումներ կլինեին էսֆանդ ամսին (իրանական օրացույցով՝ համապատասխանում է փտրվարի 19-ից – մարտի 20-ն ընկած ժամանակամիջոցին – ծանոթ. խմբ.), եւ այսօր միլիոնավոր մարդիկ պատվաստանյութ կստանային»,- ասել է նա:
Նախագահի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նրա խոսքով՝ «իրանական կողմը պայմանավորվել էր (COVAX-ի միջոցով) գնել 16,8 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, այնուհետեւ փորձել է վճարել, բայց չի կարողացել (ԱՄՆ-ի մտցրած սահմանափակումների պատճառով)»:
«Ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը գիտակցեր Վաշինգտոնի այդ հանցագործությունը»,- հավելել է Ռոուհանին:
Հունվարին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել էր, որ Թեհրանը բանակցություններ է վարել COVAX-ի հետ, եւ Իսլամական Հանրապետությունը կստանան կորոնավիրուսի դեմ 16,8 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Սակայն այնուհետեւ հայտարարվել է մատակարարումների ուշացումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: