ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զսպաշապիկ կլինի Թուրքիայի համար. Հակոբ Ավետիքյան
«Երբ աշխարհի գերհզոր պետությունները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, դա նշանակում է, որ մյուս երկրները, որոնք արդեն իսկ ճանաչել են, այդ ճանաչման ակտը կհամարեն իսկապես կայացած և արդար: Եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իրեն անպայման կհետևեն այլ երկրներ»,- մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի հետևյալ առավելությունը, այն է՝ տարբեր մարդիկ, օրինակ, ամերիկահայերի շրջանում, տարիների ընթացքում փորձել են իրենց ձեռքում ունենալով Թուրքիայում գտնվող իրենց նախնիների կալվածքների թղթերը, ներկայացնել դատարան և պահանջել, սակայն դատարանը մերժել է այդ գործերը վարույթ ընդունել՝ ասելով, թե՝ այսքան տարվա ընթացքում ինչո՞ւ ձեր շահերը չեք պաշտպանել տեղում:
«Ու այստեղ առաջ է գալիս հետևյալ պարագան. Եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բռնագաղթը, ունեցվածքի յուրացումը, որևէ դատարան չի կարող մերժել հայցը: Այսօր հատկապես շատ կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ դա կաշկանդում է Թուրքիայի գործողությունները՝ մեր տարածքում և նրա նկրտումները Հայաստանի նկատմամբ: Սա զսպաշապիկ կլինի Թուրքիայի համար»,- նշեց Հակոբ Ավետիքյանը:
Խոսելով սփյուռքահայերի մասին՝ նկատեց. «Կարծում եմ, որ այսուհետև հայապահպանման աշխատանքները Սփյուռքում շատ ավելի դժվար են լինելու: Մենք նման հարցերում պետական մտածողության կարիք ունենք: Մի երկիր, որտեղ ընդամենը հայության 20 տոկոսն է գտնվում, իսկ 80 տոկոսը՝ նրա սահմաններից դուրս, սա պետական ուշադրության արժանի խնդիր է, որի համար պետք է աշխատել, բայց ո՞վ է աշխատելու: Սփյուռքն այն չէ, որ հորաքրոջ տղան ամիսը 150 դոլար է ուղարկում: Դա մեր հարստությունը կդառնար, եթե կարողանայինք իսկապես կազմակերպել այդ սփյուռքին: Սփյուռքի դպրոցները հետընթացի մեջ են, շատերը փակվում են, եկեղեցին տկարացել է: Մեզ հոգատար իշխանություններ են պետք եղել և պետք են»: