Սյունիքի մարզ շտապող ԱԱԾ և ոստիկանության ուժերն ու այդ կառույցների «լռությունը»

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր էջում ժամը 13:00-ից գրել էր, թե, գտնվելով Սյունիքի մարզի Ծղուկի հատվածում (Սիսիանի ենթաշրջան)՝ նկատել է Սյունիք շտապող ոստիկանական զորքեր:

«Սյունիքում եմ: Ծղուկի հատվածում (Սիսիանի ենթաշրջան) նկատելի են կապիտուլյանտին օգնության շտապող համալրումներ՝ ոստիկանության զորքերի տեսքով»,- տեղեկացրել էր Էլբակյանը:

Քաղաքագետը նաև պարբերաբար հրապարակում է Երևանից Սյունիքի մարզ շտապող մեքենաների պետհամարանիշները՝ 506SS02, 022II08, 100II08, 060II08, 001SS01(ԱԱԾ պետը թերևս), 002II01(ստիկանապետ),028II08, 030II08, 007II08, 099II08, 033II08, 060SS02, 010II02, 600II01, 701II01, 065II01, 108SS01, 209SS02, 459II02, 451II02, 300II02, 453II02, 367II02 , որից պարզ է դառնում, որ դրանք պատկանում են ԱԱԾ-ին (…SS..) և Ոստիկանությանը (…II..):

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Էդգար Էլբակյանը նշեց, որ Երևանից շարունակում են Սյունիքի մարզ գնալ Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին պատկանող զորքերը:

«Նրանք սլանում են Սիսիանից դեպի մարզի ներս: Ես Սիսիանի տեղամասում եմ իրենց տեսել, բայց, բնականաբար, իրենք գնում են դեպի մարզի ներս»,- 168.am-ին ասաց Էլբակյանը:

Մենք փորձեցինք կապ հաստատել Ոստիկանության և ԱԱԾ-ի լրատվության բաժինների պատասխանատուների հետ՝ նման մեծաթիվ ուժեր Սյունիքի մարզ ուղարկելու վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, սակայն զանգերը մնացին անպատասխան:

Ու սա՝ այն իրադարձությունների ֆոնին, երբ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ծածուկ գնացել էր Սյունիքի մարզ, իսկ այսօր մարզի տարբեր համայնքների բնակիչներ նրան դիմավորել ու ճանապարհել էին տարատեսակ հայհոյանքներով, «թուրք», «հողատու», «դավաճան» վանկարկումներով ու մարզից րոպե առաջ հեռանալու կոչերով:

Այդ իրադարձություններից հետո մամուլում չուշացան հրապարակումներն այն մասին, որ իշխանությունը իրավապահներին հանձնարարականներ է տվել ձերբակալել այն տղաներին, որոնք այսօր հայհոյել ու անպատվել էին Փաշինյանին:

Քիչ առաջ էլ Դատախազությունը պաշտոնապես հաստատել է, որ ոստիկանությանը հանձնարարել է Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել:

Տեսանյութեր

Լրահոս