ԱՀԿ-ի ղեկավարը հնարավոր է համարել առաջիկա ամիսներին համավարակը հսկողության տակ վերցնելը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում է, որ արդեն մոտ ապագայում կհաջողվի զսպել COVID-19 կորոնավիրուսի համավարակը։
«Մենք գործիքներ ունենք այդ համավարակը վերահսկողության տակ առնել մի քանի ամսվա ընթացքում, եթե մենք դրանք կիրառենք հետեւողականորեն եւ հավասարակշռված»,-ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավարը: Միեւնույն ժամանակ նա անհանգստություն է հայտնել ամբողջ աշխարհում 25-59 տարեկան անձանց շրջանում COVID-19-ի տարածման տեմպերի առնչությամբ:
ԱՀԿ-ի առաջատար համաճարակաբան բժիշկ Մարիա վան Կերկխովը նշել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճն այն բոլոր տարիքային խմբերում, որոնցում ավելի վաղ բարձր ցուցանիշներ չեն դիտվել: Նրա խոսքով, առանձին երկրներում փոխվում են այն տարիքային խմբերի սահմանները, որոնք առավել շատ են ենթակա կորոնավիրուսով վարակման: Նա կարծում է, որ դրա պատճառը դարձել են սոցիալական շփումները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: