
Չեխիայի ԱԳ նախարարը բողոքի նոտա կհանձնի ՌԴ դեսպանին

Չեխիայի առաջին փոխվարչապետ և Ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը, ով ժամանակավորապես կատարում է Արտաքին գործերի նախարարի պարտականությունները, կհրավիրի երկրում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զմեևսկիին՝ բողոքի նոտա հայտնելու՝ ՌԴ-ից չեխ դիվանագետներին արտաքսելու պատճառով:Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ դեսպանին բողոքի նոտա կներկայացվի Ռուսաստանում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի արտաքսման պատճառով:
Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեսպանին կարող են տեղեկացնել Պրահայի հետագա պատասխան միջոցների մասին:
Միևնույն ժամանակ, Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը քննարկման է ներկայացրել Չեխիայի Վրտեբիցե գյուղի զինպահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունների հարցը:
Օրեր առաջ Չեխիայի իշխանությունները հայտարարել էին երկրից 18 ռուս դիվանագետի արտաքսելու մասին, որոնք, ըստ Չեխիայի հետախուզության տեղեկությունների, ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և ներգրավված են եղել 2014 թվականին տեղի ունեցած պայթյունների կազմակերպմանը: