«Որքան մոտ է պետականության վախճանը, այնքան տարօրինակ են իշխանության ընդունած օրենքները». Մանվել Եղիազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Ռազմական գործիչների, ազատամարտիկների և առհասարակ շարքային քաղաքացիներից շատերի մոտ առնվազն զարմանք է առաջացրել Նիկոլ Փաշինյանի՝ բանակի վերաբերյալ ունեցած տեսլականը, երբ վերջինս բանակը վերազինելու, ավելի շատ մարդկանց ծառայության մեջ ներգրավվելու փոխարեն, հայտարարում է, որ գաղափար կա կրճատելու ժամկետային ծառայության ժամկետները։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում հայտարարել էր՝ կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն։
168.am-ի հետ զրույցում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշեց, որ Հայաստանը իրեն նման շառայլություն կարող է թույլ տալ, եթե ունենա վարձկանների 50-60 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ, և դրան զուգահեռ՝ կարողանա ժամկետային ծառայության 2 տարին կրճատել և թողնել 1 տարին։
«Այդ դեպքում մենք կունենանք 70 հազարից ավելի մարդ, որոնք կկարողանան պաշտպանել չորս կողմից շրջափակման մեջ գտնվող երկիրը։ Այն, ինչ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պարզապես նախընտրական քարոզ է։ Հակառակ դեպքում նման բան Հայաստանն իրեն ինչպե՞ս կարող է թույլ տալ, ի՞նչ ասել է՝ 3-ամսյա հավաք։ Ես կարճ կասեմ՝ որքան մոտ է պետության ու պետականության վախճանը, այնքան տարօրինակ են իշխանության ընդունած օրենքները»,- նշեց Մանվել Եղիազարյանը։
Ըստ նրա, եթե այսօր պետությունը չունի այնքան ռեսուրսներ, որպեսզի ծառայության մեջ ներգրավվի միայն պայմանագրային զինծառայողների, ապա խոսել ժամկետային ծառայության ժամկետները կրճատելուց՝ անհիմն ու անընդունելի է։
«Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող են թշնամիներով շրջապատված երկրում 5 տարին մեկ մարդուն կանչել բանակ ու ասել՝ 3 ամիս ծառայի՝ գնա, սա նշանակում է, որ մենք Հայաստանը սկուտեղի վրա տալիս ենք թշնամուն։ Փաշինյանի հայտարարությունը միայն սա է նշանակում։ Ես դիտավորյալ նշեցի, որ եթե մենք ունենանք 50-60 հազարանոց բանակ, պայմանագրայիններ և այլն, այդ դեպքում կարող ենք գնալ նման քայլի։ Հիմա մենք դա չունենք, ուստի խոսել նման բաներից՝ իմաստ չունի։
Կրկնում եմ՝ այս ամենը նախընտրական քարոզչություն է, որի դեպքում հնարավոր է՝ ժողովուրդը ուրախանա, թե՝ վայ, իմ տղան չի ծառայի, ու կգնան իրենց ձայն կտան Փաշինյանին։ Ու այսպես մենք հայրենիքը կտանք թշնամուն։ Մի օր թշնամին կմտնի անպաշտպան Հայաստան ու վերջում կասի՝ հայի վերջին խելքը մեր լիներ»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։