«Երեկ իմ դեմ եկել, նրա ձեռքից համազգեստը, զենքը և վկայականը վերցրել են». Վարդան Աթաբեկյանը՝ Բորիս Ավագյանին ազատելու մասին

ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելու հարցին։

Պատգամավորի համար Բորիս Ավագյանը պաշտոնական դիրքը որևէ կերպ չի չարաշահել, ավելին՝ որևէ ռազմական գաղտնիք չի բացահայտել։

«Մենք ասել ենք, որ պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, այստեղ որտե՞ղ եք տեսնում պաշտոնական դիրքի չարաշահում։ Նա որևէ քաղաքական հայտարարություն չի արել, այլ պարզապես ասել է, որ անթույլատրելի է, որպեսզի  ԱԺ պատգամավորը գերիների ծնողներին ուղղորդում է ՌԴ դեսպանի մոտ, որ նա էլ դիմի ՌԴ նախագահին։  Այսինքն՝ ստացվում է, որ մարդը որևէ բան չի կարող խոսել, կվերագրեն քաղաքական հայտարարությունների, դրա համար ասում եմ՝ հերիք է որևէ բառով ամեն ինչ շեղել»,- նշեց Վարդան Աթաբեկյանը։

Պատգամավորը չբացառեց, որ հենց Հայաստանից են Արցախի իշխանություններին հորդորել, որպեսզի Բորիս Ավագյանին հեռացնեն աշխատանքից։

«Երեկ իմ դեմ եկել, նրա ձեռքից համազգեստը, զենքը և վկայականը վերցրել են, ինձ նման կարգ ծանոթ չէ, որ սրճարանից պաշտոնյանի ձեռքից զենքը վերցնեն։ Իմ տեղեկություններով՝ զանգահարել են Բորիս Ավագյանին ու հարցրել, թե՝ որտեղ կարող ենք հանդիպել, որպեսզի այդ պարագաները փոխանցի իրենց։ Այդ մարդը քաղաքական հայտարարություն չի արել, գուցե ինչ-որ բանի է սպասում, որ ավելի լուրջ հայտարարություն անի, որովհետև մարդը դեռ ազատման հրաման չի ստացել, երևի պետք է հրամանը բերեն, ինչպես եկել զենքն են վերցրել, այնպես էլ պետք է հրամանը բերեն»,- հավելեց պատգամավորը։

Նա նաև տեղեկացրեց, որ Բորիս Ավագյանի մասնակցությամբ անցկացրած քննարկումից հետո պետք է մեկնեին Արցախ և հանդիպեին տեղի ԱԺ նախագահի հետ, և որոշեցին, թե գերիների խնդրով զբաղվող աշխատանքային խումբն ինչ ձևաչափով պետք է ստեղծեին։

Վարդան Աթաբեկյանը նաև հիշեցրեց, որ իշխող թիմից իր դուրս գալն ամենավատ ձևով է արձագանք ստացել, իշխանության ներկայացուցիչները գնացել են իր տուն՝ փորձելով ինչ-որ կերպ իրեն լռեցնել:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ԱԺ անկախ պատգամավորների նախաձեռնությամբ տեղի էր ունեցել քննարկում՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ։ Պատգամավորները հրավիրել էին Բորիս Ավագյանին, որն անդրադարձավ թեմային առնչվող մի շարք հարցերի, որից հետո պարզվեց, որ նրան պաշտոնից ազատել են՝ հիմնավորելով, թե իր գործողությունների մասին տեղյակ չի պահել վերադասին։

Տեսանյութեր

Լրահոս