
Դրանք շատ տհաճ պատկերներ էին. Նիդերլանդների ԱԳ նախարարն անդրադարձել է Բաքվի «պուրակին»

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները, և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: Այս մասին նախարարը նշել է Նիդերլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Պարոն Դե Ռունը խնդրեց արձագանքել Ադրբեջանի նախագահի՝ հայերի, հնարավոր է, մահացած հայերի սաղավարտների հետ լուսանկարներին: Դրանք շատ տհաճ պատկերներ են: Ավելի վաղ ես արդեն այս հակամարտության վերաբերյալ հայտարարել եմ, որ կողմերին կոչ եմ անում լուծմանը հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով և զերծ մնալ վարքագծից, որն անհնարին կդարձնի վերջնական որոշումը»,- ասել է նախարարը: