Բաժիններ՝

Չկա ապացույց, որ արյան խցանումների դեպքերը Johnson & Johnson-ի ներարկման հետևանք են

ԱՄՆ-ի դաշնային առողջապահական գործակալությունները կոչ են անում դադարեցնել կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson ընկերության պատվաստանյութերի կիրառումը: Նման հայտարարությամբ նրանք հանդես են եկել երեքշաբթի օրը այն բանից հետո, երբ վեց կանանց մոտ ներարկումից հետո երկու շաբաթվա ընթացքում գրարնցվեցին արյան խցանման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Մասնագետները նշում են, որ թրոմբները նկատվել են գլխուղեղում: Արդյունքում մեկ կին մահացել է:

ԱՄՆ-ում Johnson & Johnson-ի գրեթե 7 միլիոն ներարկում է կատարվել: Սա նշանակում է, որ ռիսկի մակարդակը կազմում է մեկ միլիոնի դեպքում մեկ դեպք: Մահացության մակարդակը կազմում է յոթ միլիոնից մեկ դեպք միայն:

Սպիտակ տունը հայտնել է, որ այս պատվաստանյութի ներարկումները ժամանակավորապես դադարեցվել են զգուշությունից ելնելով: Այն չի ունենա պատվաստումների գործընթացի վրա բացասական նկատելի ազդեցություն, քանի որ այս պատվաստանյութը կազմում է ԱՄՆ-ում բոլոր 190 միլիոն ներարկումների միայն 5 տոկոսը: Բայդենի վարչակազմը հայտնում է, որ Ամերիկան ապահովել է Pfizer եւ Moderna ընկերությունների պատվաստանյութերի այնպիսի պաշար, որը բավարար է 300 միլիոն ամերիկացիներին պատվաստման ենթարկելու համար: Այստեղ մեկ օրում պատվաստման է ենթարկվում երեք միլիոն մարդ:

Սակայն հարցն այն է, որ Johnson & Johnson պատվաստանյութով արդեն իսկ պատվաստման ենթարկված մարդկանց մոտ կարող է առաջ գալ մտավախություն: Մյուս խնդիրը հեռավոր վայրերում բնակվող մարդկանց պատվաստելու հարցն է: Չէ որ Johnson & Johnson-ն այն միակ պատվաստանյութն է, որ տեղափոխելիս, չի պահանջում գերսառը պայմաններ: Այն նաեւ մեկ ներարկումով իրականացվող պատվաստանյութն է:

Հիշեցնենք, որ այլ երկրներ արդեն իսկ դադարեցրել կամ ժամանակավորապես հրաժարվել են AstraZeneca պատվաստանյութը երիտասարդ անձանց ներարկելուց:

Պատվաստանյութերի վտանգների մասին խոսակցությունները Եվրոպայի բժշկագիտական գործակալության գործադիր տնօրեն Էմեր Քուքը դիտում է այլ տեսանկյունից: Նա հիշեցնում է, որ քովիդ հիվանդությունից մահացությունների թիվը շատ ու շատ ավելի մեծ է, քան պատվաստանյութից մահացությունների թիվը: Իսկ Johnson & Johnson ընկերությունը հայտարարում է, որ դեռեւս չկա բժշկական որեւէ հետազոտություն, որն ապացուցեր, որ արյան խցանումների գրանցված վեց դեպքերը պատվաստանյութի ուղիղ ազդեցության հետեւանք են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս