
Ռուսաստանն արտաքսում է Սանկտ-Պետերբուրգում բերման ենթարկված ուկրաինական հյուպատոսին

Ռուսաստանն արտաքսում է Սանկտ-Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին, որը Անվտանգության դաշնային ծառայության կողմից բերման էր ենթարկվել փակ տեղեկատվություն ստանալու ժամանակ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
«Ապրիլի 17-ին Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոն: Ռուսական կողմը հայտնել է, որ անընդունելի է այդպիսի գործելաոճը, անհամատեղելի է հյուպատոսական ծառայության աշխատակցի կարգավիճակի հետ և վնաս է հասցնում Ռուսաստան Դաշնության անվտանգային հետաքրքրություններին»,- ասված է հաղորդագրությունում:
Արտգործնախարարությունը հայտնել է, որ հյուպատոսն ունի 72 ժամ` Ռուսաստանի Դաշնության տարածքը լքելու համար: