«Նկատե՞լ եք՝ այդ շտիռլիցյան այցերը կազմակերպելու ընթացքում նույնիսկ չեն էլ ասում, թե որ մարզի որ բնակավայրն է գնալու»․ Գագիկ Համբարյան
Նիկոլ Փաշինյանն իր չհայտարարված քարոզարշավի շրջանակներում այսօր մարզային հերթական այցն է կատարել․ նրա խոսնակը ֆեսբուքյան գրառմամբ հայտնել է՝ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է։
Մի կողմ թողնենք այն, որ սպասվող ընտրությունների տրամաբանության մեջ այս մարզային այցերը կարելի է համարել վարչական ռեսուրսի օգտագործում, մի կողմ թողնենք այն, որ հենց իշխանություններն են ամեն օր խոսում համավարակի վտանգների մասին ու հորդորում լինել զգոն, և արձանագրենք՝ Փաշինյանի մարզային այցերի մասին վերջերս իմանում ենք միայն այցերից հետո, ու չկա երբեմնի լայվի ռեժիմը, որը ժողովրդի վարչապետն ապահովում էր իր հպարտ քաղաքացիների համար։
Տարբեր հրապարակումներ են եղել այն մասին, որ մարզային այցերի երթուղին ժողովրդի վարչապետն ու իր թիմը հույժ գաղտնի են պահում, և որ անգամ անվտանգությունն ապահովող ՊՊԾ գնդի ծառայողները նախօրոք ծանոթ չեն լինում երթուղուն, թե ինչո՞ւ, դժվար չէ կռահել․ բավական է հիշել, որ պատերազմից մեկ ամիս անց նախօրոք հայտարարված Սյունիք մարզային այց կատարելիս Փաշինյանը մնաց կես ճանապարհին․ փակվեցին ճանապարհներ, տեղի ունեցան բողոքի ակցիաներ։
Նկատենք՝ Փաշինյանի խոսնակի գրառման տակ տարբեր քաղաքացիներ արտահայտում են իրենց ակնհայտ դժգոհությունը՝ հետևյալ մեկնաբանություններով․ «Նախընտրական քարոզչութիւն կը կատարէ, չարաշահելով իր պաշտօնը եւ պետական ռեսուրսը», «Քովիդ էլ չկա՞, թե՞ ապրիլի 24-ին կհիշեք, որ արգելեք», «Գերիներին հետ վերադարձնելը թողած, գնացել ձայն է հավաքում»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանի վերջին այցերի գաղտնի երթուղիների պատճառը վախն է։
«Դավաճան Նիկոլը գիտի՝ ինչ է սարքել այս ժողովրդի գլխին, գիտի՝ ինչ աղետ է բերել, այդ իսկ պատճառով էլ նոյեմբերի 9-ից ի վեր՝ ինքը պահ մտած է ման գալիս, ինքը թաքուն է գնում այս կամ այն մարզ․ նկատե՞լ եք՝ այդ շտիռլիցյան այցերը կազմակերպելու ընթացքում նույնիսկ չեն էլ ասում, թե որ մարզի որ բնակավայրն է գնալու, նույնիսկ դա են թաքուն պահում,- մանրամասնեց քաղաքագետը 168.am-ի հետ զրույցում՝ հավելելով,- Սա բացահայտ ցույց է տալիս Նիկոլ դավաճանի իրական կերպարը։ Այսինքն՝ գաղտագողի այցեր մարզեր, թաքուն պահել բնակավայրերի ցուցակը, նույնիսկ իր մամլո խոսնակի հրապարակած լուսանկարներից դուք տեսնում եք այդ այցերի խայտառակ պատկերը, տասնյակ թիկնապահներ, տասնյակ ոստիկաններ, մեծ քանակությամբ անչափահաս երեխաների մասնակցություն այդ հավաքներին, որտեղ, համոզված եմ, որևիցե բան չի խոսվելու, ինչը կհետաքրքրի այդ երեխաներին։
Ես ուղղակի զարմանում եմ, թե այդ ծնողները, որ թույլ են տալիս իրենց երեխաներին գնալ վարչապետ կոչվածի հետ հանդիպումների, իրենց ի՞նչ է հաճելի է, որ նույն վարչապետ կոչվածն իրենց երեխաների նեկայությամբ խոսի սպանությունների, դավաճանությունների, ատելության և այլնի մասին։ Այդ երեխաների մասնակցությունը խայտառակություն է․ ես չեմ հասկանում՝ այդ մարդն ամեն գնով ուզում է ցույց տալ, որ ինքն ուրախ և զվարթ է ընդունվում հասարակության կողմի՞ց։ Այդպես-այդպես է՝ թող ծննդատանը գտնվող նորածին երեխաներին բերեն, թող ինքը ելույթ ունենա, էդպես ուրախանա»։
Դիտարկմանը, թե արդյո՞ք Ազգային ժողովում Փաշինյանի վերջին ելույթը վախեցած մարդու ելույթ կարելի է համարել, նա արձագանքեց․ «Դա վախեցած մարդու ցինիկ և ագրեսիվ պահվածք էր․ իր հնարավորությունների մեջ վստահ, իրավիճակը ճիշտ վերլուծող մարդն այսպես ցինիկ չի լինում։ Իր երեք օր առաջվա ցինիկ և խուլիգան պահվածքն Ազգային ժողովում հիմնականում պայմանավորված էր հենց նրանով, որ ինքն այդ ագրեսիայով փորձում էր ցույց տալ, որ վախեցած չէ, վերարտադրվելու է, ժողովուրդը իրեն շատ սիրում է, ժողովուրդն ամեն ինչ ներել է, ժողովուրդը կերել է այն ստերը և մանիպուլյացիաները, որով ինքը կերակրում է ժողովրդին և համոզում, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր։
Ես ձեզ ասեմ՝ նիկոլականները Նիկոլին նույնիսկ կհավատան այն դեպքում, եթե նա Տիգրան Մեծին և Արտաշես Առաջինին մեղադրի Արցախյան վերջին պատերազմում պարտություն կրելու մեջ․ կասի, եթե ժամանակին նույն Տիգրան Մեծը լուծեր տարածքային հարցերը Հռոմի կայսրության հետ, մենք խնդիրներ չէինք ունենա»։
Քաղաքագետը նշեց, որ այդ ելույթն ուներ նաև այլ նպատակ՝ սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իր թիմին, իրեն երկրպագողներին և չկողմնորոշված հատվածին համոզել, որ «ամեն ինչ շատ լավ է, իր վերահսկողության տակ է, որևիցե խնդիր չունի և շարունակելու է իր ազգադավ քաղաքականությունը»։