ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա՞․ պատասխանում է Էդվարդ Նալբանդյանը

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունն անշուշտ հանդիսանում է անվտանգության երաշխիք և լուրջ խոչընդոտ պատերազմի վերսկսման համար։ Այնուամենայնիվ, տարածաշրջանի ապակայունացման վտանգը դեռ առկա է»,– այս մասին Politique Internationale-ին տված ծավալուն հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ այլևս չկա։

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան 2020թ.-ի դեկտեմբերի 3-ի հայտարարությամբ կոչ արեցին տարածաշրջանից անհապաղ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին։ Մինչև հիմա մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար վտանգ ներկայացնող վարձկան զինյալների շարունակական ներկայության կապակցությամբ։ Ո՞վ է բերել այդ վարձկաններին տարածաշրջան։ Դա քաջ հայտնի է բոլորին՝ Թուրքիան և Ադրբեջանը։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո թուրքական և ադրբեջանական դրոշներով զարդարված Բաքվում անցկացվեց «հաղթողների» թուրք-ադրբեջանական զորահանդես, որի ընթացքում շքերթով միասին քայլեցին ադրբեջանցի և թուրք զինծառայողները։ Դա, ամենայն հավանականությամբ, արվեց այն նպատակով, որ ոչ մեկի մոտ կասկած չառաջանա, թե ով է Լեռնային Ղարաբաղի դեմ վարել այդ ագրեսիվ պատերազմը։ Զորահանդեսի ժամանակ սադրիչ ելույթներով հանդես եկան Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։

Ալիևը շարունակեց տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ «բնիկ ադրբեջանական տարածքներ» անվանելով Հայաստանի մայրաքաղաք Երևանը, ինչպես նաև Սյունիքը և Սևանը։

Էրդողանն էլ իր ելույթում, վերհիշելով Օսմանյան կայսրության պատմությունը, հայտարարեց «թո՛ղ փառավորվեն Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասյան իսլամական բանակի զինվորների հոգիները»։ Սերունդների հիշողության մեջ այս վերջինները մնացել են որպես հրեշավոր հանցագործությունների՝ զանգվածային ջարդերի, խաղաղ բնակչության ոչնչացման, հայերի ցեղասպանության հրահրողներ և իրականացնողներ, ինչը հանգեցրեց 1․5 մլն մարդու մահվան։

Սադրիչ հայտարարությունները և թշնամական գործողությունները շարունակում են․․․

Միջազգային հանրությունն ունի բավականաչափ պատճառներ լրջորեն մտորելու, քանի որ խոսքը գնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, այլև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հանդեպ սպառնալիքի մասին»։

Տեսանյութեր

Լրահոս