Բաժիններ՝

Ամենայն Հայոց կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 17-ին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։

Այս մասին հայտնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Ամենայն Հայոց կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկեցին արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով երկուստեք կարևորվեց համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ներկա պայմաններում արցախահայության, մասնավորապես զոհված, գերության մեջ գտնվող զինվորականների և անհայտ կորածների ընտանիքների հոգևոր խնամքի և աջակցության Մայր Աթոռի ծրագրերին։ Այս կապակցությամբ Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի զորակցության համար պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում։

Վեհափառ Հայրապետը և նախագահ Արայիկ Հարությունյանն արծարծեցին նաև Արցախի բռնազավթված տարածքներում պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, դրանց նկատմամբ ոտնձգությունների և վայրագությունների կասեցման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս