«Երբ հատում են կարմիր գծերը, ես իրավունք ունեմ պահանջել, որ ցանկացած հիմնավոր կասկած քննության առարկա դառնա». Անի Գևորգյան
«Այո ես ունեմ ներքին համոզմունք, հիմնավոր կասկած, որ իմ դեմ ֆեյքային արշավը մեկնարկել է Ալեն Սիմնոյանի հրահանգով, նա կարող է դիմել դատարան, ես պատրաստ եմ նրա հետ հանդիպել դատարանում»։ 168-ի հետ զրույցում ասաց Armnews հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի զրպարտչական հայտարարության կապակցությամբ զրուցել է իր իրավաբանների հետ, որոնք խորհուրդ են տվել դատարանում պաշտպանել իր իրավունքներն ու պատասխանատվության ենթարկել իրեն արատավորող և կեղծ տեղեկատվություն տարածող անձանց:
«Ուզում եմ հիշեցնել, որ տևական ժամանակ է ինչ մամուլում նրա անունը շրջանառվում է սոցցանցային արշավները ղեկավարելու համատեքստում։ ԱԺ ամբիոնից մի շարք պատգամավորներ ևս դրա մասին բարձրաձայնել են։ Բացի այդ այսօր շարունակվող արշավն իմ դեմ մեկնարկեց 2 օր առաջ՝ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած ճեպազրույցից հետո։ Հիշեցնեմ նաև, որ հենց ճեպազրույցի ընթացքում, որի տեսանյութը առկա է, Ալեն Սիմոնյանը ագրեսիվ էր իրեն պահում, պարբերաբար թիրախավորելով ինձ։ Պիտի անկեղծ ասեմ նրա վարքագիծը մի պահ վախեցնող էր»,-ասաց լրագրողը։
Անի Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ Ալեն Սիմոնյանի առնչությամբ իր հիմնավոր կասկածների ու համոզմունքի վերաբերյալ նշել է ոստիկանություն ներկայացված հաղորդման մեջ։
«Երբ հատում են կարմիր գծերը և իմ երեխային են թիրախավորում, ես իրավունք ունեմ պահանջել, որ ցանկացած հիմնավոր կասկած քննության առարկա դառնա»,-ասաց նա։