
Անգելա Մերկելը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատվաստվել է բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում է «DW»-ն, 66-ամյա կանցլերը պատվաստվել է Բեռլինի նախկին օդանավակայանում հատուկ սահմանված կենտրոնում, որը ներկայումս աշխատում է բացառապես AstraZeneca-ի հետ: Այդ պատվաստանյութը հասանելի է միայն Գերմանիայում 60-ից բարձր տարիքի մարդկանց համար: Ներկայումս այնտեղ կարող են պատվաստվել օրական մոտ 3000 մարդ։
Կանցլերի կողմից պատվաստումը հաստատել է նրա մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերթը, ով «Թվիթեր»-ում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է Մերկելի պատվաստման մասին վկայականը: Մամուլի քարտուղարը նաև գրառում է կատարել, փոխանցելով կանցլերի խոսքերը:
«Ես շատ ուրախ եմ, որ այսօր պատվաստվել եմ AstraZeneca պատվաստանյութով: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցում են պատվաստումների քարոզարշավին, եւ բոլոր նրանց, ովքեր իրականացնում են պատվաստման աշխատանքներ: Պատվաստումը համավարակի հաղթահարման բանալին է»,- ասել է Մերկելը: