
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև և հարթակ տրամադրել մեզ. Արմեն Սարգսյան

Վրաստանը մեր բարեկամն է, մենք պետք է զգույշ լինենք նրա հետ հարաբերություններում: Այս մասին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրում է 1tv.ge կայքը:
Սարգսյանը խոսել է Վրաստան կատարած այցի ընթացքում իր անցկացրած հանդիպումների մասին:
«Վրաստանը մեր վաղեմի բարեկամ երկիրն է, որի հետ մենք ունենք հին և պատմական հարաբերություններ: Ես այստեղ եմ պաշտոնական այցով: Ես հանդիպել եմ Վրաստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի հետ, ցավոք չհաջողվեց հանդիպել Վրաստանի վարչապետի հետ, բայց մենք հեռախոսակապ ենք հաստատել և հաջողվել է փոխանակվել տեղեկատվությամբ: Մոտակա ժամանակներս վարչապետը կայցելի Հայաստան:
Մեր հանդիպումների հիմնական թեմաները եղել են երկկողմ հարաբերությունները, մենք մտքեր ենք փոխանակել այն մասին, թե ինչպիսի ուղիներ ենք տեսնում տարածաշրջանի զարգացման համար: Կարևոր է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի: Այսօր մեր տարածածրջանի առաջ բավականին լուրջ խնդիրներ են դրված:
Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք Արցախին արդար կարգավիճակ շնորհելու հարցը: Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև և մեզ հարթակ առաջարկել», -ասել է Սարգսյանը:
Հայաստանի նախագահը նշել է նաև, որ առաջիկայում կրկին կայցելի Վրաստան:
«Ես ուզում էի այցելել Սամցխե-Ջավախեթի, բայց համավարակի պատճառով չկարողացա: Առաջիկայում կրկին կայցելեմ Վրաստան և կայցելեմ նաև այս տարածաշրջան: «Մենք պետք է հոգ տանենք Վրաստանի հետ մեր հարաբերությունների մասին», -ասել է Սարգսյանը: