Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների հետ են. ՀՀ նախագահը հյուրընկալվել է Համայն Վրաստանի կաթողիկոսին
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին:
Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը ողջունել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Վրաստան։ Նա ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները բարեկամության դարավոր պատմություն ունեն, որի պահպանման ու շարունակման գործում կարևոր դեր են ունեցել և ունեն Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիները։ Նա նշել է, որ երկու եկեղեցիները նաև կարևոր դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում։
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնական այցն ուղղված է բարեկամության պատմական ավանդույթներ ունեցող երկու ժողովուրդների ներկա հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարների քննարկմանը։ «Այցի նպատակն էր քննարկել այսօրվա խնդիրները, և ամենակարևորը, խոսել ապագայի մասին, մեր եղբայրական հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման մասին, որպեսզի մեր երեխաներն ու թոռները վայելեն մեր բարեկամության պտուղներն ու շարունակեն մեր ժողովուրդների բարեկամությունը»։
Նախագահ Սարգսյանը խոսել է նաև ներկայի մարտահրավերների մասին՝ նշելով, որ բարդ ժամանակներ են ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի համար. «Հայաստանն անցավ պատերազմի դժոխքի միջով, և հազարավոր երիտասարդ կյանքերի կորուստ ունեցանք։ Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների և ընտանիքների հետ են: Ու մենք ամեն ինչ պետք է անենք ապագայում ավելի կայուն ու խաղաղ տարածաշրջան ունենալու համար»։
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հույս է հայտնել, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու դժվարությունները. «Երբ դժվար է Հայաստանի, հայ ժողովրդի համար, դժվար է նաև մեզ համար»,-ասել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը։
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդն իր օրհնության խոսքերն է փոխանցել նախագահ Սարգսյանին ու հայ ժողովրդին, ինչպես նաև իր ջերմ բարեմաղթանքները՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին։