
Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում պաշտոնապես դադարեցվում են Ղուրանի դասընթացները

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Ղուրանի դասընթացները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դատարանը հիմնավորել է, որ Ղուրանի դասընթացների անցկացումը հակասում է աշխարհիկության (լայիցիզմ) սկզբունքին:
Հիշյալ որոշամբ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում պաշտոնապես արգելվում են Ղուրանի դասերի կազմակերպումն ու անցկացումը:
Նշենք, որ այս որոշումն արժանացել է ինչպես Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ այդ երկրի մոլեռանդ մուսուլման հասարակության սուր և կոշտ քննադատությանը:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը արձագանքելով թեմային, Twitter-ում գրառմամբ է հանդես եկել: Նա նշել է, որ դատարանի վճիռը «գաղափարական և դոգմատիկ մտքի արդյունք է», ինչպես նաև «վտանգավոր խաղ Կիպրոսի թուրքերի համար»:
«Աշխարհիկությունը նման մակերեսային և սխալ ձևով մեկնաբանելը հիմնարար իրավունքներն ու ազատությունները վերացնելուն ուղղված քայլ է: Լայիցիզմը երաշխավորում է դավանանքի ազատությունը և այն չեն կարող օգտագործվել որպես կրոնական կրթությունն արգելող գործիք»,-գրել է նա:
Ալթունը նաև պնդել է, որ կրիտիկական ժամանակաշրջանում ընդունված «այդ սխալ որոշումը սպառնում է Կիպրոսի թուրքերի գոյությանն ու միասնությանը» և հավելել, որ այն անընդունելի է իրենց համար:
Նրա համոզմամբ՝ որոշման ժամկետը պատահական չէ ընտրված և լուրջ կասկածներ է հարուցում իրենց համար: