ՄԱԳԱՏԷ-ում պաշտպանել են ջուրը «Ֆուկուսիմա-1»-ից օվկիանոս լցնելու մասին Տոկիոյի որոշումը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին ողջունել է Ճապոնիայի կառավարության որոշումը, որը վերաբերում է «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից մաքրված ջուրը օվկիանոս լցնելուն եւ խոստացել է, որ կազմակերպությունը երկրին կաջակցի բացասական հետեւանքներից խուսափելու գործում։Ավելի վաղ «Կիոդո» գործակալությունը հաղորդել Էր, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է ջուրը հանգամանորեն մաքրելուց հետո «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից լցնել օվկիանոս:
«Ես ողջունում եմ Ճապոնիայի հայտարարությունն այն մասին, թե ինչպես է նա օգտահանելու մաքրված ջուրը, որը պահվում է Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանում: ՄԱԳԱՏԷ-ն Ճապոնիայի հետ աշխատելու է ջուրն օվկիանոս լցնելուց առաջ, այդ ժամանակ եւ դրանից հետո, որպեսզի դրա իրականացման ապահովմանը նպաստի առանց առողջության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության»,-Գրոսին գրել է Twitter-ի իր էջում:
Նրա խոսքով՝ ծովի մեջ ջրի վերահսկվող նետումները կանոնավորապես օգտագործվում են ամբողջ աշխարհում եւ տարածաշրջանում գործող ատոմային էլեկտրակայանների կողմից՝ անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանման խիստ ստանդարտներին ու կանոններին համապատասխան: Ջրի նետումը կսկսեն մոտավորապես 2023 թվականին:
Հաշվի առնելով ամբարներում ջրի կուտակման ընթացիկ տեմպերը, բոլոր առկա տարողությունները լիքը կլցվեն մինչեւ 2022 թվականի վերջը: Ավելի վաղ այս տարվա մարտին Ճապոնիայի կառավարությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը խնդրել է կարծիք հայտնել ռադիոակտիվ ջուրը թափելու պլանների մասին, որը վթարային ատոմակայանում օգտագործվել է ռեակտորների պաղեցման համար: 2011 թվականի մարտին 9,0 մագնիտուդով երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել Չեռնոբիլից հետո ամենաուժեղ վթարը:
Ճառագայթման արտահոսքերի պատճառով տարհանվել են Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի արեւելյան շրջանների բնակիչները:
Դրանց մի մասում իրականացված ակտիվազերծման շնորհիվ տարհանման ռեժիմը հանվել է, եւ բնակիչներին թույլատրվել է տուն վերադառնալ: Սակայն շրջանների մի մասը մինչեւ այժմ մնում է կյանքի համար ոչ պիտանի: TEPCO ընկերության «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատորի գնահատումներով՝ կայանի վթարի հետեւանքների վերջնական վերացման եւ ռեակտորների ապամոնտաժման համար 40 տարի կպահանջվի ողբերգության պահից ի վեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: