ԱԱԾ-ում Աննա Վարդապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը կասեցրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը

168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ արդարադատությանը միջամտելու սկանդալային դեպքի առնչությամբ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործի հարուցումը կասեցվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով:

Ըստ տեղեկությունների՝ ԱԱԾ-ում բավական նյութեր են հավաքվել, փաստական հանգամանքների համակցություն, որոնք բավարար են եղել քրեական գործ հարուցելու համար, սակայն վարչապետի աթոռը զբաղեցրած անձի անմիջական ցուցումով նյութերի ուսումնասիրության 11-րդ օրը մեկ զանգով թեման փակվել է:

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ այդ թեմայի առնչությամբ անգամ լարվել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները:

Հիշեցնենք, որ  մարտի 10-ին 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում գործով քննիչին՝ Արթուր Այվազյանին:

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ մեր ներկայացրած տեսանյութերի, էլեկտրոնային նամակագրությամբ Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեսանյութերում նաև կան տարբեր մարդկանց անուններով word (և այլ) փաստաթղթեր, որոնք, ինչպես պարզեցինք, այդ գործով վկաների անուններն են ներառել: Այդ մարդկանց անուններով փաստաթղթերի առկայությունը նախաքննական մարմնի և Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդականի նամակագրության մեջ ողջամիտ հիմք է տալիս ենթադրել, որ պետական պաշտոնատար անձինք համագործակցված կերպով, փաստորեն, «աշխատել են» նաև վկաների հետ:

Քննիչը նաև էլեկտրոնային նամակագրությամբ Ռուբեն Հայրապետյանի՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններն էր փոխանցել Աննա Վարդապետյանին:

Ապրիլի 6-ին  հերթական սկանդալային ձայնագրությունը հայտնվեց համացանցում, որը կրկին վերաբերում է Փաշինյանի օգնականին և ապացուցում, որ քրեական գործերով դատավարական «վերահսկողություն» ՀՀ-ում իրականացնում է ոչ թե դատախազությունը, այլ՝ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը։ Համաձայն ձայնագրության՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։

«Բարի լույս բոլորին. մի րոպե ուշադրություն։

Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,- ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս