ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին առնչվող խնդիրը

ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն են ստացել՝ քրեական գործի հարուցման մասին։

Նշենք, որ թեև դատավորի դեմ քրեական գործ հարուցելու համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է հաղթահարել նրա գործառութային անձեռնմխելիությունը՝ ստանալով ԲԴԽ թույլտվությունը, հակառակ դեպքում՝ դատավորի դեմ իրականացվող քրեական հետապնդումը համարվում է ապօրինի, այս պարագայում Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։

Խնդրի առնչությամբ 168.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազությունից նշեցին, որ ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ հարուցված քրեական գործի, դրա շրջանակներում իրականացվող գործողությունների մասին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում։

«Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի համաձայնությանը, ապա դատավորի պարագայում առկա է երկու ռեժիմ։ Եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում։ Տվյալ դեպքում գործ ունենք նշածս դեպքի հետ»,- ասացին գլխավոր դատախազությունից:

Տեսանյութեր

Լրահոս