«Տելեկոմ Արմենիա» ընկերության 26-ամյա աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 26-ամյա երիտասարդը, 2017թ. փետրվարին ստանձնելով Վանաձոր քաղաքի Տ.Մեծ հասցեում գտնվող «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող պահոցի գույքի պատասխանատու անձի պաշտոնը, օգտվելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորություններից, 2020թ. մայիսից-օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս կտրտելով, շարունակաբար, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 7.696.327 դրամ արժողության մալուխները, ապա այրելու միջոցով պղնձյա լարերն առանցնացրել մեկուսիչներից և հանձնել որպես ջարդոն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: