«Ինչ էլ գրի ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում, էլ ո՞վ կհավատա նրանց, եթե նույն այդ մարդկանց նախորդ ծրագրում գրվածի փաստացի հակառակն է տեղի ունեցել»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հենց հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց թե ինչքանով են հավատ ներշնչում Փաշինյանի քաղաքական հայտարարությունները, այս երեք տարում մենք լիովին համոզվել ենք։ Շատ հաճախ իշխանությունները մի բան են հայտարարում, բայց անում են հակառակը։ Չհաշված, որ այն, ինչ իշխանական քարոզչամեքենան շտապում է հերքել, պարզվում է՝ դա է իրականությունը։ Մյուս կողմից էլ՝ չի բացառվում, որ ցանկացած պահի անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Բայց ենթադրենք, որ արտահերթ ընտրություններն, այնուամենայնիվ, տեղի են ունենալու, ի՞նչ պատկեր կարող ենք ունենալ դրա արդյունքում։
Զարգացած քաղաքական մշակույթ ունեցող երկրներում հանրությունը առավել մեծ ուշադրություն է դարձնում քաղաքական ուժերի ծրագրերին, այնտեղ արտացոլված դրույթներին ու դրանց իրացվելիությանը, քան կուսակցություններում ներգրավված անձանց գործոնին։ Իսկ մեզ մոտ քաղաքական մշակույթն այնպիսի աստիճանի վրա է գտնվում, որ քաղաքացիներն ավելի շատ իրենց ձայնը տալիս են անձնավորություններին, քան ուշադրություն են դարձնում կուսակցությունների գաղափարախոսությանը, ծրագրերին ու դրանց իրականացման հարցին։ Այդ է պատճառը, որ պոպուլիստական գործիչները կարողանում են վստահության մանդատ ստանալ, իսկ իրենց ծրագրում արտացոլված դրույթներն այդպես էլ մնում են թղթի վրա։ Բայց հանրության վստահության քվեին արժանացած այս կամ այն քաղաքական ուժի աշխատանքի ռեալ արդյունքները պետք է որոշել նրանով, թե որքանով են նրանց նախընտրական ծրագրերն իրականություն դարձել։ Այս համատեքստում ուշագրավ է դիտարկել «Իմ քայլը» դաշինքի 2018 թ. նախընտրական ծրագիրը։
Առաջիկայում մենք դրան կանդրադառնանք ըստ տարբեր ոլորտների: Այս անգամ կխոսենք անվտանգության ոլորտին վերաբերող ծրագրային հատվածի մասին։ Չխորանալով «Իմ քայլի» նախընտրական ծրագրում արտացոլված առանձին կետերի մեջ, հարկ է ուղղակի նշել, որ բանակին ու անվտանգությանը վերաբերող ծրագրային խոստումները լիովին տապալված են։ Այդպես, օրինակ՝ ծրագրում խոսվում է արդի պահանջներին համապատասխան բանակ ունենալու մասին, բայց պատերազմի օրինակով տեսանք, թե ինչ արեցին իշխանությունները։ Այդ խնդիրը լուծելու փոխարեն իշխանությունները միայն իրենց փիառի հարցն էին լուծում։ Օրինակ՝ ո՞ւմ էր պետք, որ Փաշինյանը նկարվեր Սու-30 կործանիչների ֆոնին ու փիառվեր այն դեպքում, երբ դրանք հագեցված չէին հրթիռներով։
Իսկ զինած ուժերի կենսունակությունն ու օպերատիվությանը վերաբերող ծրագրային դրույթներն ուղղակի հեքիաթի ժանրից են, քանի որ այս երեք տարվա ընթացքում տարվել է պետության հիմնասյուներից մեկի՝ բանակի վարկաբեկման հետևողական քաղաքականություն, այն դեպքում, երբ տարիներ շարունակ բանակը հանրության համար ամենավստահելի կառույցներից մեկն է եղել։
Արդյունքում սպայակազմը և պատերազմում հերոսական ուղի անցած անձինք թիրախավորվել են, նրանցից կերտվել է «թալանչիների» իմիջ, իսկ բանակում պրոֆեսիոնալիզմի փոխարեն առաջնայնություն է տրվել իշխանությունների նկատմամբ լոյալությանը։ Հենց դրա արդյունքում է, որ հիմա մեր բանակը ծանրագույն օրեր է ապրում։ Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունների քաղաքականության արդյունքում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրը դարձել է առավել վտանգավոր և սպառնալիքներով լեցուն։ Իրենց նախընտրական ծրագրում իշխանությունները խոսում էին Արցախը բանակցությունների կողմ դարձնելու անհրաժեշտության մասին, սակայն դրա փոխարեն մենք ունենք մի իրավիճակ, որ Արցախը բզկտված ու վիրավորված վիճակում է գտնվում։
Սրա հետ մեկտեղ իշխանություններն ուղղակի իզորու չեն նաև ՀՀ սահմանների անվտանգության հարցը լուծել, և ստիպված են ռուսական զորքերի օժանդակությանն ապավինել։ Իր նորանկախ պատմության ընթացքում Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ժամանակի ընթացքում նորանոր սպառնալիքներ է ստեղծում մեր պետականության համար։ Ահա թե ինքնիշխանության մասին ճառեր արտասանող իշխանություններն ուր հասցրին մեր երկիրը։ Իսկ հունիսին սպասվող ընտրություններին ընդառաջ ինչ գեղեցիկ ու կախարդական խոստումներ էլ գրեն իշխող ՔՊ-ի նախընտրական ծրագրում, ո՞վ կհավատա դրանց, եթե նույն այդ մարդկանց նախորդ ծրագրում գրվածի փաստացի հակառակն է տեղի ունեցել»։