Ղրիմում զբոսաշրջիկների հոսքի աճ են սպասում Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակման պատճառով
Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը զբոսաշրջիկների լրացուցիչ հոսքի կհանգեցնի. կարեւորը Ռուսաստանի քաղաքացիների որակյալ հանգիստը եւ նրանց կազդուրվելն ապահովելն է: Այդ մասին ասել է հանրապետության առողջարանների եւ զբոսաշրջության նախարար Վադիմ Վոլչենկոն:
Ռուսաստանը Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը սահմանափակել է ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը: Տուրօպերատորներին հանձնարարվել է դադարեցնել այդ երկիր ուղեգրերի վաճառքը: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունն այնտեղ շատ արագ է բարդանում, ամենից շատ COVID-19-ի մոտացիայի ենթարկված հիմնամանրէները Ռուսաստան են բերվել հենց այդ երկրից: «Դա զբոսաշրջիկների լրացուցիչ հոսք կառաջացնի Ղրիմում»,-ասել է Վոլչենկոն «Սպուտնիկ վ Կրիմու» ռադիոյի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումն ազդում հանրապետության տուրիստական հոսքի վրա: Նախարարի խոսքով, ստեղծված իրադրությունը Ղրիմի զբոսաշրջության ճյուղի վրա լրացուցիչ պարտավորություններ է դնում թերակղզու հյուրերի որակյալ հանգստի ապահովման ուղղությամբ:
«Մի կողմից՝ լավ չէ եւ ճիշտ չէ դրանով ուրախանալը, մյուս կողմից՝ ես չեմ կարող ասել, որ դա մեզ առանձնապես անհանգստացրել է դրանից առաջ: Ղրիմը եւ մեր հարեւանները (Կրասնոդարի երկրամասը) բազմապատիկ ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են ընդունում, քան ամբողջ Թուրքիան: Մենք հասկանում ենք, որ սահմանափակումների մեջ ոչ մի լավ բան չկա, հուսանք, որ դրանք բոլոր կհանվեն: Բայց մենք դեռ պատասխանատվություն ունենք տուրիստական բիզնեսի եւ բոլոր ղրիմցիների առջեւ՝ ապահովելու ամառային որակյալ հանգիստը եւ կազդուրումը, ըստ էության, ողջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար»,-ասել է Վոլչենկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: