«Խորհուրդ կտայի մարոժնի ուտեիք, դրանից լավ բան չկա»․ քաղաքացիները՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նախորդ շաբաթ նախարարության մասնագիտական խորհրդի անցկացրած աշխատանքային հանդիպումների արդյունքում որոշվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութն օգտագործելու հարցում նախարարության քաղաքականությունը:

Ըստ այդմ՝ «AstraZeneca»-ով պատվաստվողների խմբում կընդգրկվեն 65-ից բարձր տարիքի քաղաքացիները, 55-ից բարձր տարիքային խմբի բուժաշխատողները, 55-ից բարձր տարիքի խրոնիկ հիվանդները և սոցիալական խնամքի կենտրոնի 55-ից բարձր տարիքի բնակիչներն ու աշխատակիցները:

Ինչ վերաբերում է «Sputnik V» պատվաստանյութին, ապա այս պատվաստանյութով պատվաստվելու հնարավորություն կունենան 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների մինչև 55 տարեկան բնակիչներն ու աշխատակիցները:

168.am-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներով, քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են վերաբերվում COVID-19-ի դեմ պատվաստումներին։

Հարցվածները հիմնականում կամ դեմ էին բոլոր տեսակի պատվաստանյութերով պատվաստմանը, կամ նախընտրում էին ռուսական «Sputnik V»-ն։

Քաղաքացիներից միջին տարիքի մի կին ասաց, որ դրական է վերաբերվում կորոնավիրուսի դեմ պատվաստմանը, բայց միայն ռուսական պատվաստանյութով, իսկ ինչ վերաբերում է անգլիական «AstraZeneca»-ին, ասաց․

«Ով «AstraZeneca»-ն հաստատել է, պետք է իր ամբողջ ընտանիքը, իր բարեկամներով, հեռուստատեսությամբ դնեն, պատվաստեն, մենք էլ նայենք։ Ո՞նց կլինի, ամբողջ Եվրոպան հետ է  կանգնում, այստեղ ի՞նչ են անում։ «Sputnik V»-ն, խնդրեմ, ամբողջ աշխարհն ընդունում է, իսկ մենք, չգիտես ինչու, ընկել ենք ամենակործանարար պատվաստանյութի հետևից․․․»։

Քաղաքացիներից էլ 83 տարեկան մի տղամարդ, որը հասակակցի հետ այգում նարդի էր խաղում, ասաց, որ կա՛մ ռուսական պատվաստանյութով կպատվաստվի, կա՛մ ընդհանրապես չի պատվաստվի․

«Անգլիականը չէ, ես այդպես գիտեմ, այդպես եմ կարդացել՝ վտանգավոր է։ Ես 83 տարեկան եմ, կաշխատեն, որ ես շուտ մեռնեմ՝ թոշակ չտան․․․»։

Քաղաքացիներից մի տղամարդ էլ պատվաստվելու փոխարեն մեկ այլ տարբերակ առաջարկեց․

«Խորհուրդ կտայի մարոժնի ուտեիք, դրանից լավ բան չկա։ Մենակ մարոժնի, ուրիշ բան չկա։ Կա՛մ շոկոլադով մարոժնի, կա՛մ նենց»։

Հարցման մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ինքն արդեն վարակվել և բուժվել է, և, որ չի ուզում պատվաստվել։

Հարցված քաղաքացիներից միայն մեկն ասաց, որ իր համար անգլիական պատվաստանյութն ավելի վստահելի է, քան ռուսականը, սակայն ոչ մեկով էլ չի ցանկանում պատվաստվել․

«Ոչ մեկով էլ չեմ պատվաստվի, չեմ ուզում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս