«Ադրբեջանը գերիների հարցով փորձելու է մաքսիմալ ցավեցնել մեզ». Տաթևիկ Հայրապետյան

Ինչո՞ւ Հայաստանի իշխանությանը չի հաջողվում լուծել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը, օրերս նրանց վերադարձի հետ կապված ինչո՞ւ իշխանությունը ստեց՝ նշելով, թե գերիներ խումբ է վերադառնում Հայաստան, մինչդեռ Բաքվից ինքնաթիռը որևէ ռազմագերի չէր բերել:

168.am-ը խորհրդարանում այս հարցերն ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանին:

Լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, պատգամավորն ասաց, որ Ադրբեջանի համար գերիների խնդիրը շահարկելու լավ թեմա է, նաև ազդելու հայ հասարակության նուրբ լարերի վրա:

«ԵԽԽՎ երեկվա նիստի ժամանակ Ադրբեջանը հստակ ցույց տվեց, որ շատ դեստրուկտիվ է տրամադրված, դա վերջապես եվրոպացիների համար ակնհայտ դարձավ, երբ գերիներին փորձում էին որակել՝ որպես ահաբեկիչների: Ադրբեջանը գերիների հարցով փորձելու է մաքսիմալ ցավեցնել մեզ և մեր ներքաղաքական կյանքում շահարկումների հիմք դարձնել»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ գերիներին պահելով՝ Ադրբեջանի նպատակը հայկական նոր տարածքների ձեռքբերո՞ւմն է, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ Ադրբեջանի նպատակները շատ տարբեր կարող են լինել:

«Մենք բավականին ագրեսիվ պետության հետ գործ ունենք, խնդիրն այն է, թե մենք ինչ նպատակներ ենք մեր առջև դնում ու ինչպես ենք առաջ շարժվում: Ադրբեջանի համար հայ գերիներին պահելը պետք է դառնա միջազգային գլխացավանք, ու մենք դրա համար պետք է աշխատենք՝ խորհրդարանական դիվանագիտությամբ, Արտգործնախարարությամբ, մենք իսկապես ակտիվ մեր գործընկերների հետ աշխատում ենք»,- հավելեց պատգամավորը:

Մեր հաջորդ հարցին՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանն Ալիևին համարում էր կիրթ ու կառուցողական, ժամերով հետը բանակցում էր, հետո ասում, թե որևէ փաստաթղթի շուրջ չեն բանակցում, պարզապես Ալիևն իրեն բանակցային պատմությանն է ծանոթացնում, հետո հանկարծ ի՞նչ տեղի ունեցավ, որ Ալիևն այդպես վարվեց ներկայիս իշխանության և առհասարակ Հաայստանի հետ, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ հաճախ Փաշինյանի հայտարարություններից ինչ-որ տեքստեր են վերցնում, երբեմն արտասահմանյան լսարաններն օգտագործելով՝ ասում, թե Փաշինյանն է պատերազմը հրահրել, ինչն անթույլատրելի է:

«Հայաստանը երբեք բանակցային գործընթացի կուլտուրան չի խախտել, Ադրբեջանն է պարզ տեքստով ասել, որ պատրաստվում է պատերազմի»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս