Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ստորագրել է կառավարության հրաժարականը
Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն ստորագրել է կառավարության հրաժարականը: Այդ մասին հաղորդել է տարածաշրջանի ղեկավարի եւ կառավարության մամուլի ծառայությունը։
«ՀՕՀ-Ալանիայի կառավարությունը պաշտոնաթող է արվել: Այդ մասին հրամանագիրն ստորագրել է Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Instagram-ում:
Նշվում է, որ Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նախարարների կաբինետի անդամներին հանձնարարել է իրենց լիազորությունները կատարել մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորումը:
Հանրապետության գործադիր իշխանության մարմինների բոլոր ղեկավարները շարունակում են աշխատել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 9-ին հանդիպում էր անցկացրել Սիբիրի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Մենյայլոյի հետ, որի ժամանակ նրան առաջարկել է դառնալ Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Մենյայլոն ընդունել է առաջարկը: Ավելի ուշ Պուտինը հրամանագիր է ստորագրել Հյուսիսային Օսիայի ղեկավարի պաշտոնից Վյաչեսլավ Բիտարովի պաշտոնաթողության մասին, Մենյայլոյին նշանակեց համապատասխան պաշտոնում՝ նրան ազատելով լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Ապրիլի 12-ին Հյուսիսային Կովկասի Դաշնային Օկրուգում (ՀԿԴՕ) ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Չայկան Մենյայլոյին ներկայացրել է Հյուսիսային Օսիայի իշխանություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: