«Ո՛չ Շուշիի, ո՛չ Քարվաճառի հայկականությունը որևէ մեկը չի կարող դնել հարցականի տակ». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ երեկ Բաքվում Ալիևի գլխավորությամբ ցուցադրած այն ավարին, որն Արցախի պատերազմի ընթացքում տարել էին հայկական բանակից:

Ըստ նրա՝ Ադրբեջանում տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվում է ատելություն հայության դեմ: Իսկ Հայաստանում երբեք որևէ իշխանության օրոք պետական մակարդակով ոչ մի ազգության, ժողովրդի դեմ ատելություն չի քարոզվել, ինչը կարևոր ձեռքբերում է համարում:

«Ադրբեջանը քսենոֆոբիկ, ռասիստական պետություն է»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:

168.am-ի հարցին՝ Ալիևի այս ռազմատենչ հայտարությունների համատեքստում ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են պատկերացնում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, որի վերաբերյալ բազմիցս խոսել են, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ նախկին իշխանությունների օրոք էլ են խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման մասին, առանց նախապայմանների:

«Այս մասին խոսվել է նաև մեր նախընտրական ծրագրում: Դրանից զատ, որևէ բարեկամության մասին որևէ խոսք չի գնացել, այն, որ մեր երկրում երբեք թշնամանք չի քարոզվել, ականատես ենք եղել տասնամյակներ շարունակ: Ալիևն իր վերջին քայլով հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը պետական մակարդակով պատրաստվում է շարունակել քարոզել ատելություն»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ Ադրբեջանը շատ լավ օգտագործում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ փորձելով իր տարբեր ելույթներով դիսկուրսների, շահարկումների առիթ տալ:

«Ես հույս ունեմ, որ մենք կհասկանանք, թե ինչ քաղաքականություն է իրականացնում մեր հակառակորդ պետությունը, և ինչպես է պետք ճիշտ դիրքավորվել՝ որպես պետություն, և նաև՝ որպես հանրություն: Հայաստանը մինչև պատերազմն էլ միշտ ասել է, որ պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորման և դրա համար մեծ ջանքեր է դրել»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Ալիևի հաջորդ հայտարարությանը, որ հակամարտությունը լուծված է, Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր շեշտադրումներն արվում են վարչապետի և Արտաքին գործերի նախարարի կողմից, վարչապետն իր խոսքում արդեն խոսել է հակամարտության չլուծված լինելու մասին, քանի որ կարգավիճակի հարցը լուծված չէ:

«Ո՛չ Շուշիի, ո՛չ Քարվաճառի հայկականությունը որևէ մեկը չի կարող դնել հարցականի տակ, քանի որ դրա վերաբերյալ ուղղակի կա մշակութային ժառանգություն»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս