Ովքեր կարող են դիմել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար. ԱՆ-ն մանրամասնում է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2021 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները: Այս մասին ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել:

«Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու  համար կարող է դիմել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման համար կարող են դիմում ներկայացնել նաև այն անձինք, ովքեր չեն անցել ուսուցում, սակայն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Սնանկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը անցել են ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում:

Դիմումատուն որակավորման ստուգմանը մասնակցելու համար առձեռն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) է ներկայացնում՝

  • Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի թիվ 112-Ն հրամանի Հավելված 2-ով սահմանված ձևով դիմում.
  • դիմումատուի 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի, որից մեկը փակցվում է դիմումին.
  • դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
  • դիմումատուի բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
  • դիմումատուի` պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.
  • նախարարի սահմանած կարգով դիմումատուի ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը կամ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում ստաժավորում անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը, եթե անձը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ին «Սնանկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը անցել է ստաժավորում.
  • նոտարական կարգով հաստատված դիմումատուի բանավոր հայտարարությունը «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին.
  • որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Դիմումին կից փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի մայիսի 3-ը մինչև ժամը 16:00:

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 18-ին, ժամը 10:00-ից սկսած (հասցե՝ ք. Երևան, Փիրումյանների փող. 9, Արդարադատության ակադեմիա): Կախված որակավորման ստուգման մասնակիցների թվից՝ թեստավորման փուլին մասնակիցները մասնակցելու են խմբերով՝ տարբեր ժամերի, որի մասին որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունք ստացած անձինք կծանուցվեն լրացուցիչ:

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» օրենքով և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանով:

Որակավորման ստուգմանը մասնակցելու գործընթացում դիմումատուի հետ հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ վերջինիս նշած էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաղորդակցությունն ապահովող այլ միջոցներով:

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման առաջին փուլի թեստային առաջադրանքները ընդգրկելու են հետևյալ թեմաները (իրավական ակտերը).

  1. Սահմանադրություն (սահմանադրական կարգի հիմունքներ, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներ և ազատություններ)
  2. «Սնանկության մասին» օրենք
  3. «Հրապարակային սակարկությունների մասին» օրենք և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրաման
  4. Քաղաքացիական օրենսգիրք (քաղաքացիական իրավունքների պաշտպանություն, գործունակություն, առևտրային կազմակերպություններ, սեփականության իրավունք ձեռք բերելը, սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանությունը, գրավ, ապահովված իրավունք, գործարքներ, պարտավորությունների կատարման ապահովում, պարտավորությունների դադարում, ընդհանուր դրույթներ առուվաճառքի մասին, ապրանքների մատակարարում, ընդհանուր դրույթներ վարձակալության մասին, նվիրատվություն, ժառանգական իրավունք)
  5. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (հիմնական դրույթներ, գործերի ենթակայություն և ընդդատություն, դատավարության մասնակիցներ, դատական ներկայացուցչություն, ապացուցում, դատական ծանուցումներ, դատական ծախսեր, դատավարական ժամկետներ, հայցի հարուցման կարգ, հայցի ապահովում, հայցի դեմ պատասխանողի պաշտպանության միջոցներ, դատական նիստի ընդհանուր կանոնները, նախնական դատական նիստ, վարույթի ավարտն առանց գործն ըստ էության լուծելու, վարույթը վերաքննիչ դատարանում, վարույթը վճռաբեկ դատարանում)
  6. Հարկային օրենսգիրք (հարկային պարտավորությունը և դրա կատարումը, եկամտային հարկով հարկման օբյեկտը, հարկման բազան և դրույքաչափերը, հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը հարկային մարմնի կողմից, անշարժ գույքի հարկի գումարի վճարման, հաշվանցման և վերադարձման կարգը)
  7. Քրեական օրենսգիրք (տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ)

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Նաիրա Սեդրակյանին (010) 59 40 57 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս