«Եթե դավաճանեմ իմ քաղաքական թիմին՝ նման գրոտեսկային համեմատությունը կարող է լինել նաև իմ նկատմամբ». Վահագն Ալեքսանյանը՝ ուսապարկի մասին

Արցախյան պատերազմից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ լքեցին խմբակցությունը, այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանն այդ պատգամավորներին համեմատել էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ՝ նշելով, որ, եթե նրանց փոխարեն լիներ Փաշինյանի ուսապարկը, ապա այդ  քողի ներքո նույնքան ձայն կհավաքեր:

Այսօր արդեն Վահագն Ալեքսանյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ փոխարինելով պատգամավորական մանդատը վայր դրած Վահագն Թևոսյանին:

Խորհրդարանում լրագրողները Վ. Ալեքսանյանից հետաքրքրվեցին, հիմա, երբ ստացել է պատգամավորական մանդատ, իրեն Նիկոլ Փաշինյանի ուսապարկ համարո՞ւմ է:

«Ես այդ հարցին կարող էի պատասխանել նույն տոնայնությամբ, բայց քանի որ այն շատ է շահարկվել, թույլ տվեք մեկ անգամ և ընդմիշտ փակել այս թեման: Իմ գրոտեսկային համեմատությունը վերաբերում էր մի պատգամավորի, ով դավաճանել է իր քաղաքական թիմին, դավաճանել է իր ընտրողներին, ովքեր իրեն ձայն էին տվել՝ լինելու նեցուկ այս քաղաքական թիմին: Եթե ես դավաճանեմ իմ քաղաքական թիմին և այն ընտրողներին, ովքեր ինձ ձայն են տվել ու բերել են խորհրդարան, կարծում եմ՝ նման գրոտեսկային համեմատությունը կարող է լինել նաև իմ նկատմամբ»,- նշեց Վահագն Ալեքսանյանը:

Այնուհետև խրոխտ հայտարարեց՝ քաղաքական դավաճանությունը ևս դավաճանություն է:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ իշխանական թիմին էլ մեղադրում են հայրենիքը դավաճանելու մեջ, պատգամավորը զարմացած հարցրեց, թե ո՞վ է մեղադրում:

«Մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել նրանով, որ թալանել է Հայաստանը, տարիներ շարունակ աչքի են ընկել պետության թալանով: Այդ մարդկանց լկտիությունը հասել է այն աստիճանի, որ ծաղրում են ՀՀ վարչապետին, թե ելակով է բանակ պահում, եփված ցորենով երևի պետք է պահեր: Դավաճանության մեջ մեղադրողների դղյակները, վստահ եմ, որ տեսել եք»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է պատերազմին և հազարավոր զոհերին՝ Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց՝ երբ 2018 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե  բանակցությունները փաստացի գտնվում են փակուղում,  դրանից հետո ի՞նչ պետք է լիներ:

«Պետք է լիներ փաստացի պատերազմ, երբ ժառանգել էր փակուղում գտնվող բանակցություններ: Լինելով ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորը, կարծեմ, ամենավերջինն եմ ավարտել ժամկետային ծառայությունը, լավ հիշում եմ, թե նախկիններն ինչպես էին պահում բանակը»,- շեշտեց նա:

Նախկիններին հիշելով՝ պատգամավորը հիշեց նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ մտահոգություն հայտնելով, թե վերջինն առանց մեկ օր ծառայելու, ստացել է փոխգնդապետի կոչում, ինչն անձամբ պղծություն է համարում:

168.am-ի դիտարկմանը՝ իրենց թիմում էլ մեծ մասը բանակում չի ծառայել, պատգամավորն ասաց, որ, եթե նույնիսկ չեն ծառայել, փոխգնդապետի կոչում չեն ստացել:

Հաջորդ դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն էլ առանց ծառայելու՝ հայտարարում էր, թե ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը, պատգամավորը չարձագանքեց:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս