
«Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ. ԼՂ հայ բնակչությանը համարում ենք մեր քաղաքացիներ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, գրում է minval.az-ը:
«Մենք հիշելու ենք մեր պատմությունը, բայց որևէ տարածքային պահանջ չունենք որևէ երկրի, այդ թվում` Հայաստանի նկատմամբ»,-ասել է Ալիևը Բաքվում «Նոր հայացք Հարավային Կովկասին. Հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ:
Նա հավելել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում հայերով բնակեցված տարածքի նկատմամբ ուժի կիրառման ծրագրեր չունի:
«Ինչպես ասել եմ, Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, կարգավորված: Մենք ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող հայերին համարում ենք մեր քաղաքացիներ: Մարդասիրական օգնությունն ու լոգիստիկ աջակցությունը, որը մենք առայսօր ցուցաբերում ենք, ևս վկայում են այդ մտադրության մասին»,-ասել է Ալիևը: