Իլհամի պրիմիտիվ բլեֆը

Ինչպես ընդունված է ասել կիրառական քաղաքականության մեջ՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, սակայն միշտ չէ, որ այդ «ոսկե կանոնն» աշխատում է իր ողջ կառուցվածքով, ոչ հաճախ, սակայն հանդիպում են դեպքեր, երբ իրականությունն ու հնարավորությունն ուղղակի հակադիր բևեռներում են գտնվում։

Արցախյան վերջին պատերազմից հետո հայ հանրությունը չափազանց զգայուն ու դյուրաբորբոք է դարձել, ինչը բնական և սպասելի էր։ Ադրբեջանական կողմն իր հերթին՝ առիթը բաց չի թողնում հայ հանրությանը ցավեցնելու համար։

Երեկ հայտնի դարձավ, որ Բաքվում բացվել է հայկական ռազմավարի պուրակ, որի բացման հանդիսավոր արարողությունն իրականացրել է Իլհամ Ալիևը։ Բացման ժամանակ Ալիևը բավականին ուշագրավ հայտարարություն է արել, ըստ որի՝ 2016թ. պատերազմից հետո Սերժ Սարգսյանը խոստացել է վերադարձնել «օկուպացրած տարածքները» և դրա համար խնդրել է երկու շաբաթ ժամանակ:

Ընդհանրապես տևական ժամանակ է՝ նորմալ երևույթ է դարձել Բաքվից լսել մտացածին, անհոդաբաշխ և իռացիոնալ տարբեր հայտարարություններ, սակայն Ալիևի երեկվա հայտարարությունը նորություն էր և ակնհայտորեն սպասելի ՀՀ ներքին լսարանի որոշ շրջանակների համար։ Փաստացի Ալիևը փորձում է առաջ քաշել մի թեզ, ըստ որի, Սերժ Սարգսյանի հետ ունեցել է պայմանավորվածություն տարածքների վերաբերյալ, ավելին, նա ակնհայտ փորձում է աչքկապոցի խաղալ և մարդկանց աչքերին թոզ փչել՝ նշելով, թե տարածքների վերադարձի գործընթացին խանգարել է Երևանի ՊՊԾ գնդի գրավումը, և հենց դրա վրա էլ հիմնվելով՝ Սարգսյանը հրաժարվել է կատարել խոստումը:

Փորձենք մի քանի դիտարկմամբ հակադարձել Ալիևին՝ տեսական մի քանի թարմացումներ իրականացնելով։

Եթե հետևենք Քառօրյայի ժամանակագրությանը, այն սկսվել է ապրիլի 2-ին և ավարտվել 5-ի կեսօրին, երբ Ադրբեջանի ԳՇ պետ Սանդիկովն ամեն ինչ արեց, որպեսզի Մոսկվայում հրադադար խնդրի Յուրի Գրիգորիչից։ Եթե հետևենք Իլհամի մտքի թռիչքին, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանն այդ «օկուպացված տարածքները» պետք է Ադրբեջանին հանձներ մինչև ապրիլի 20-ը։ Ալիևը պատճառաբանում է, թե այդ գործընթացին խանգարել է Երևանում ՊՊԾ գնդի գրավումը, որը, ի դեպ, տեղի  ունեցել 2016-ի հուլիսի 17-ին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «խոստումից» ուղիղ 3 ամիս անց, կարծում եմ՝ սա անգամ մեկնաբանելն արդեն իսկ ծիծաղելի է։ Կամ մյուս տրամաբանական հարցադրումը, որն առաջանում է յուրաքանչյուր մտածող մարդու մոտ․ ի՞նչն էր պատճառը, որ հենց այդ ՊՊԾ գնդի օրերին, երբ Հայաստանում փաստացի ներքաղաքական բավական բարդ ու տուրբուլենտ փուլ էր, Ադրբեջանը չհարձակվեց նորից, կամ չշարունակեց կիսատ գործը, հատկապես այն դեպքում, երբ Սարգսյանը «դրժել» էր խոստումը։

Բացի դրանից, նշենք մի առանցքային հանգամանք ևս․ Ապրիլյան քառօրյայի հրադադարից մոտ 40 օր անց՝ 2016թ․ մայիսի 17-ին, Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է Վիեննայում, բավականին երկար բանակցություններ իրականացրել։ Դրանից հետո, 2016-ի հունիսի 20-ին, արդեն Սանկտ Պետերբուրգում,  դարձյալ տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև հանդիպում, որտեղ նույնպես, ըստ էության, Ադրբեջանի նախագահը լռել է «իրենց պայմանավորվածության» մասին (ի դեպ, այս երկու հանդիպումները նույնպես ՊՊԾ գնդի գրավումից առաջ էին)։

Ալիևը նաև նշել է, թե տարիներ շարունակ միջազգային միջնորդները, բանակցություններ վարելով, խաբել են իրենց: «Նրանք փորձել են ոչ թե լուծել, այլ սառեցնել հակամարտությունը, քանի որ ցանկանում էին «օկուպացված տարածքները թողնել հայերին»»,-ասել է նա: Իր այս հայտարարությամբ, նա փաստացի հարվածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ 30-ամյա գործունեությունն ու ակնհայտ վիրավորանք ու կողմնակալության մեջ մեղադրում միջազգային կառույցին ու համանախագահ երկրներին։

Այս ամենը վկայում են Ալիևի պրիմիտիվ բլեֆի մասին, որով փորձում է ստեղծված քաղաքական և աշխարհաքաղաքական «ռասկլադում» հերթական ինտրիգը մտցնել՝  թիրախավորելով Սերժ Սարգսյանին։ Հարկ է ընդգծել, որ միանշանակ Ալիևը փայլուն տիրապետում է ՀՀ-ում ստեղծված քաղաքական դասավորվածությանը, գիտի, թե ՀՀ գործող իշխանություններն ինչպիսի վերաբերմունք ունեն ՀՀ նախորդ իշխանությունների վերաբերյալ, ինչպես են արտահայտվում նրանց ու նրանց կատարած քայլերի մասին, այդ իսկ պատճառով կարողանում է հստակ խաղալ հայկական քաղաքական օրակարգում։

Պարզ է նաև այն իրողությունը, որ նա այս փուլում, իր այդ հայտարարությամբ փորձում է «պասերով» խաղալ հենց Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանին, իր հերթին, ձեռնտու է նման օրակարգի ի հայտ գալը, քանի որ առաջիկայում սպասվող նախընտրական փուլին ընդառաջ՝ նա իր քարոզարշավում շահարկվող արհեստական թեզերի շարքում ունենում է ևս մեկը, իսկ հանրության այն հատվածի համար, որը կուրորեն շարունակում է երկրպագել ու հավատալ Նիկոլին, բնական է, որ նման թեզերն ունեն առանցքային նշանակություն՝ հերթական անգամ «Սերժին ու նախկիններին հիշելու» ու ամեն ինչում մեղադրելու համար։

Ի դեպ, գուցե դավադրապաշտական դաշտից, բայց ևս մի նյուանս․ ուղղակի արձանագրենք, որ ուշագրավ է հատկապես այն, որ Բաքվից նման հայտարարություններ են հնչում այն փուլում, երբ հայաստանյան մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ապրիլին Սերժ Սարգսյանը հանդես է գալու ծավալուն ասուլիսով՝ պատասխանելով հանրությանը հետաքրքրող բոլոր ինտրիգային հարցերին, այդ թվում՝ 2018-ի դեպքերի մանրամասներին։

Ամփոփելով՝ ուղղակի ցանկացա մի փոքր դրվագով հիշեցնել, թե 2020-ին հոխորտացող Ալիևն ինչպես էր իրեն պահում 2016-ին։ Մեջբերեմ  2016 թվականի հոկտեմբերի 7-ին Haqqin.az-ին տրված հարցազրույցից մի փոքր հատված․ «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս