Ջո Բայդենը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The National Interest
Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Ջո Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը դրա տեղի ունենալուց ավելի քան մեկ դար անց: Այս մասին իր հոդվածում գրում է The National interest պարբերականը:
2020 թվականի ապրիլի 24-ին այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր թվիթերյան էջում գրել էր.«Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և մարդու համընդհանուր իրավունքները դարձնելու եմ առաջնահերթություն»:
Կարծես թե նրա վարչակազմը հավատարիմ է մնում այս պարտավորությանը:
2021 թվականի մարտի 22-ին «Եվրասիական խմբից» Յան Բրեմերը տեղեկացրել էր, որ «Սպիտակ տան աղբյուրները» իրեն ասել են, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է: Չնայած նրան, որ Բրեմերը նշել է ոչ միայն Ջո Բայդենի նախընտրական խոստումը, այլ նաև այն, որ փոխնախագահ Քամալա Հարիսը 2019 թվականին Ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն էր, նա իրավացիորեն նշել է նաև, որ նախագահ Բարաք Օբաման նույնպես նմանատիպ խոստում էր տվել, բայց հետո հրաժարվել էր դրանից:
Հենց դա էլ խնդիրն է. կառավարության մեջ կա մի դինամիկա, երբ պաշտոնյաները կարծում են, որ օգտակար է խեղաթյուրել պատմությունը կամ վերացնել առկա ողբերգությունը`հանուն կարճաժամկետ դիվանագիտական անհրաժեշտության: Սամանտա Փաուերը այդ մասին գիրք է գրել, սակայն, ամեն դեպքում, ոչ միայն չի կարողացել բարոյական պարզությամբ պաշտպանել Հայաստանը, այլ նաև հետագայում անտեսել է Սիրիայում շարունակվող ցեղասպանությունը: ԱՄՆ-ի կլիմայի հարցերով բանագնաց Ջոն Քերրին նույնպես սենատոր եղած ժամանակ հովանավորել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը, սակայն անցնելով գործադիր իշխանություն` մոռացել էր այդ մասին:
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնավարման առաջին շաբաթների ընթացքում խոստացել էր ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդու իրավունքներին, բայց նա արդեն հանուն քաղաքականության սկզբունքները զոհաբերելու պատրաստակամություն է ցուցադրել: Օրինակ.
1) Պետդեպարտամենտի վերջին զեկույցում Բլինկենը վերանայել է իր դիրքորոշումը Իրանում բողոքի ակցիաների ճնշման արդյունքում կորուստների թիվը նվազեցնելու օգտին, որպեսզի հեշտացնի Բայդենի վարչակազմի իրանական դիվանագիտությունը:
2) Ինչպես Օբամայի վարչակազմի օրոք, Բլինկենը նաև խախտել է իսլամական հանրապետության բանտերում պահվող ամերիկացի պատանդներին պաշտպանելու խոստումները, նույնպես այն համոզմամբ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կարող է խոչընդոտել իր թիմի աշխատանքային հարաբերություններին իրանցի գործընկերների հետ:
3) Բլինկենը նաև հնազանդվել է իր Աֆրիկայի Բյուրոյի բարոյական համարժեքությանը և խաղալիք է դարձել ռևիզիոնիստների ձեռքում, որոնք ցանկանում են նսեմացնել Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության բնույթը:
4) Պետդեպարտամենտի Աֆրիկայի բյուրոն, ամենայն հավանականությամբ, դեռ չի հասկանում Եգիպտոսի վարչապետ Աբիյ Ահմեդի գործողությունների լրջությունը Տիգրայում: Պարզ ասած, Նոբելյան մրցանակակիրը կարծես թե Տիգրայը տանում է նույն ճանապարհով, որի հիմքերը 27 տարի առաջ հութու ծայրահեղականները դրել են Ռուանդայում:
Շատ հայեր կարող են չսիրել հանգուցյալ պատմաբան Բեռնար Լյուիսին, քանի որ նա կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության կանխամտածվածությունը և միլիոնավոր սպանությունները (որոնք նա չի վիճարկել) պայմանավորել է պատերազմի մշուշով: Այնուհանդերձ, Լյուիսի համար այդ պահին անհասանելի հետագա տեղեկությունները հաստատում են կանխամտածվածությունը: Լյուիսը նույնքան ազնիվ էր, որքան կիրթ. եթե նա կենդանի լիներ այսօր, ապա ապացույցները կփոխեին նրա մեկնաբանությունը:
Կա մեկ այլ պատճառ, թե ինչու հայերը չպետք է ամբողջությամբ մերժեն Լյուիսին: Լյուիսը գրել է. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հսկայական էներգիա է ծախսվում պատմության կեղծմանը` շողոքորթել, խաբել կամ ինչ-որ հատվածական նպատակի ծառայել: Ոչ մի լավ բան չի կարող լինել նման աղավաղումներից, նույնիսկ եթե դրանք ոգեշնչված են անշահախնդիր դրդապատճառներով»: Սա Լյուիսի հայտարարությունն է, որից այսօր պետք է օգտվեն հայերն ու պատմական ճշմարտությամբ հետաքրքրվողները, քանի որ այն ընդգծում է կարևորությունը`թույլ չտալ, որ կարճաժամկետ դիվանագիտական շահերը խեղաթյուրեն պատմության ընթացքը:
Բայդենի վարչակազմում, Պետդեպարտամենտում և Պենտագոնում շատերը կարող են խթան գտնել Բայդենի պարտավորություններից խուսափելու համար կամ դրանց տան բարոյական համարժեք: Մնում է թուրքական ուժեղ լոբբին, որը պետդեպարտամենտի հետ պատրաստ է պաշտպանել Թուրքիայի շահերը և Թուրքիայի վրայից հանել իր արածների պատասխանատվությունը: Ե՛վ պետդեպարտամենտը, և՛ Պենտագոնը կարող են եզրակացնել, որ Էրդողանի նկատմամբ թշնամությունը կարող է վերջինիս ստիպել հարձակվել Միջերկրական ծովի արևելքի վրա: Արդեն նախազգուշական նշաններ կան, որ Բայդենն ու Բլինկենը տատանվում են. օրինակ, չնայած բոլոր իրենց կոշտ խոսակցություններին Թուրքիայի մասին, նրանք ուժեղացրել են դրա բռնապետ Էրդողանին` նրան դարձնելով Աֆղանստանում խաղաղության բանակցությունների տերը: Հետո, կա նաև Լեռնային Ղարաբաղը, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը անցյալ աշնանը 44-օրյա պատերազմ էին սկսվել և այստեղ խաղաղությունը փխրուն է:
Վերը նշվածներից ոչ մեկը չի արդարացնում պատմության խեղաթյուրումը: Ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև դրա դերի նվազեցումը կարող է թանկ նստել: Ադրբեջանն ու Թուրքիան իրենց սեպտեմբերյան հարձակումը հայաբնակ Լեռնային Ղարաբաղի վրա ժամանակային առումով համապատասխանեցրել էին նորանկախ Հայաստան Օսմանյան կայսրության ներխուժման 100-ամյակին: Ե՛վ Էրդողանը, և՛ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն օգտագործում էին բնաջնջման հռետորաբանություն՝ ցույց տալով, որ իրենց վերջնական նպատակը կրոնական պատերազմ մղելն ու բուն Հայաստանն արմատախիլ անելն է: Թուրքիային ցույց տալը, որ պատասխանատվությունը կարելի է շրջանցել, կապահովի հետագա ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլ նաև քրդերի և Կիպրոսի դեմ:
Չնայած Հայոց ցեղասպանության ճանաչումը և ճիշտ է, և խելացի, Բայդենը և Բլինկենը պետք է ավելի առաջ գնան: Ցեղասպանության ժխտումը խարխլում է երկարաժամկետ անվտանգությունը, և, հետևաբար, Բլինկենը կարող է ինչպես Անկարայում, այնպես էլ Բաքվում Հայոց ցեղասպանության հուշարձանների տեղադրումը դիտարկել որպես ցուցանիշ, որը թույլ է տալիս որոշել, թե արդյոք Ցեղասպանության ճանաչումը դուրս է գալիս հռետորաբանության սահմաններից: Նման քայլը կօգներ նաև ազատվել պատմական կուրությունից, որը տասնամյակներ շարունակ առաջացել է Թուրքիայի հրահրմամբ:
Բայդենը եւ Բլինկենը նաև պետք է պարտավորվեն չեղյալ հայտարարել 907-րդ փոփոխության (Ազատության աջակցության ակտ) բացառումը, որը դիվանագիտությունն անտեսելու համար արդյունավետորեն պարգևատրում է Ադրբեջանին: Բլինկենը պետք է նաև կոչ անի Թուրքիային և Ադրբեջանին ընդունել Սիրիայից «Ալ Կաիդա»-ի հետ կապված վարձկանների տեղակայումը: Թրամփի վարչակազմը թերագնահատել էր Հարավային Կովկասի դիվանագիտությունը՝ նշանակելով Մինսկի խմբի համանախագահ, որը զուրկ էր իր ռուս և ֆրանսիացի գործընկերների դիվանագիտական աստիճանից: Միացյալ Նահանգները Արցախի Հանրապետության համար կարող է առաջարկել նաև Կոսովոյի մոդելը: Այդ դեպքում Բլինկենը պետք է մշտական դիվանագետ ուղարկի Ստեփանակերտ:
Ցեղասպանության ճանաչումը կարևոր է, բայց դա բավարար չէ: Հայաստանի և՛ արևելքում, և՛ արևմուտքում բռնակալների առկայությունը հաշվի առնելով, կարևոր է ընդունել, որ մեկ դար առաջվա սպառնալիքը շարունակվում է մինչ օրս: Դատարկ հռետորաբանությունը կարող է շատ թանկ նստել: