Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին․ հայտարարություն

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված համարելու մասին։

«Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին»:

Հիշեցնենք, որ խոսքը նույն Կարապետյանի մասին է, որը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արվեց Զինված ուժերի հետախուզության վարչության պետի պաշտոնից՝ մի շարք թերացումների, այդ թվում՝ թշնամու առաջխաղացման մասին հավուր պատշաճի չզեկուցելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս