Բաժիններ՝

«Ես ինձ 10-ից 6 կգնահատեի մրցաշրջանի համար». Պիրլո

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն մեկնաբանել է իր ելույթը դեբյուտային մրցաշրջանում:

«Բոլոր մարզիչներն ամեն օր պետք է զգան, որ ապացուցելու բան ունեն, էլ չեմ ասում ինձ, քանի որ սա իմ մարզչական առաջին փորձն է: Ֆուտբոլը մանկուց իմ երազանքն էր, և ես կշարունակեմ քրտնաջան աշխատել աճելու համար:

Ես ինձ մրցաշրջանի համար 10-ից 6 կտայի: Գիտեմ, որ պետք է ավելին անեմ, և երբ արդյունքներ չկան, առաջինը, ով պատասխանատու է, մարզիչն է:

Ֆուտբոլում իմ գաղափարն է՝ տիրել խաղադաշտում և ճնշում գործադրել մրցակցի վրա: Մի շարք պատճառներով մենք չկարողացանք դա ամբողջությամբ իրականացնել, բայց թիմն իսկապես ցանկանում է դա, մենք շարունակում ենք աշխատել դրա վրա»,- ասել է Պիրլոն:

Այժմ իտալական թիմն ակտիվ քննարկում է Պիրլոյին մարզչի պաշտոնից հեռացնելու հարցը։ Այս պաշտոնի հավանական թեկնածուների ցուցակում են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, Մասիմիլիանո Ալեգրին, ով արդեն աշխատել է «Յուվեում», Իտալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մանչինին և Լուչիանո Սպալետին, որոնք նախկինում գլխավորում էին «Ինտերը» և «Ռոման»: Ակումբը հետաքրքրված է նաև «Լացիոյի» մարզիչ Սիմոնե Ինձագիով, ով դեռ նոր պայմանագիր չի կնքել հռոմեացիների հետ:

Անդրեա Պիրլոյի պաշտոնանկության դեպքում Իգոր Տուդորը, որն այժմ իտալացի մասնագետի օգնական է, կարող է ժամանակավոր տարբերակ դառնալ «Յուվենթուսի» համար:

Իրավիճակը կախված է նրանից, թե ինչպես թիմը կխաղա Ա Սերիայի մնացած հանդիպումները։ Ավելի վաղ «Յուվենթուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հայտնել էր, որ Պիրլոն հաջորդ մրցաշրջանում կմնա ակումբում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս