ԳՇ-ի լիազորությունը տալիս են Ռազմական ոստիկանությանը. Կառավարությունը ԳՇ-ից վտանգ է տեսնում, չի վստահում

Նախորդ շաբաթ Կառավարությունը փոփոխություն  կատարեց «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում ու որոշեց, որ այսուհետև Պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանությունը կիրականացնի ոչ թե մինչև հիմա այդ գործառույթն իրականացնող  Պաշտպանության նախարարությունը, այլ Ռազմական ոստիկանությունը,  որի ենթակայության տակ կստեղծվի հատուկ ստոաբաժանում հենց այդ նպատակով։

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում Կառավարության այդ որոշումը, 168.am-ը հարցի պատասխանը փորձեց ստանալ  Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանից։

Ըստ նրա՝ նման որոշում կայացնելու պատճառն այն է, որ Գլխավոր շտաբի՝ փետրվարի 25-ին տարածած հայտարարությունից հետո քաղաքական իշխանությունը պարզապես չի վստահում Գլխավոր շտաբին, ինչը, իհարկե, աբսուրդ է։

«Դրանով պայմանավորված էլ Ռազմական ոստիկանությանն են տվել Պաշտպանության նախարարության պահպանությունը, որովհետև Ռազմական ոստիկանությունը գտնվում է ոչ թե Գլխավոր շտաբի, այլ հենց Պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Թե ումից են պաշտպանում, դա  անհայտ է, սակայն  հասկանալի է, թե ինչո՞ւ ԳՇ-ի պատասխանատվությունից տեղափոխեցին Ռազմական ոստիկանության պատասխանատվության տիրույթ. կրկնում եմ՝ դրա պատճառը  ԳՇ-ին չվստահելն է. չէ՞ որ գեներալները չասեցին, որ իրենք այսուհետև վստահում են սիրելի հայրենանվեր իշխանությանը, նման բան չեն ասել, հետևաբար՝ վտանգը կա։ Գիտեք՝ սրանք Հայաստանի պետականությունը պահպանելու փոխարեն՝ պաշտպանում են իրենց կաշին և պաշտպանում են այն գործիքներով, որոնք դեռ իրենց դեմ չեն ուղղվել։ Ես վստահ եմ՝ եթե վաղը կամ մյուս օրը ոստիկանությունը ԳՇ-ի պես մի հայտարարություն տարածի, սրանք ցրելու են այդ ոստիկանությունը՝ ասելով, որ մեզ ոստիկանություն այլևս պետք չէ»,- ասաց Արտակ Զաքարյանը։

Ի դեպ՝ Պաշտպանության նախարարության և Գլխավոր Շտաբի  միջև ոչ հարթ հարաբերությունների մասին  փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունից հետո   գրել էր Mediaport-ը՝ իր հավաստի աղբյուրներին հղում անելով նշել, որ Ռազմական ոստիկանություն են կանչում ԳՇ պետին աջակցություն հայտնած սպաներին ու նրանց մերձավորներին:

«Սպառնալիքի տակ նրանցից պահանջում են հետ կանչել ստորագրություններն Օ. Գասպարյանին աջակցող հայտարարությունից և հրապարակավ հայտարարել, որ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից: ՌՈ պահանջը չկատարող սպաներից պահանջում են ազատման դիմում գրել»,- գրել էր տելեգրամյան ալիքը:

168.amի հետ զրույցում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը հրապարակված տեղեկատվության վերաբերյալ կարճ հերքման պատասխան էր տվել.  «Ոչ, նման բան չկա»։

Մանրամասները՝  տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս